Nokia-ի տնօրենների խորհրդի նախագահը լքել է պաշտոնը

Օլիլան այս պաշտոնը զբաղեցնում է 1999-ից։ Բացի այդ՝ 1999-2006 թթ. զբաղեցրել է Nokia-ի գլխավոր տնօրենի պաշտոնը։ Ներկայում ընկերության ղեկավարը Microsoft-ի նախկին աշխատակից Սթիվեն Էլոպն է։

«Տնօրենների խորհրդի յուրաքանչյուր նախագահ կցանկանար իր հաջորդին ծաղկող ընկերություն թողնել։ Ինչ-որ ժամանակ ես ևս հույս ունեի, որ դա նաև ինձ կհաջողվի»,- հայտարարել է Օլիլան Nokia-ի բաժնետերերի տարեկան ժողովի ընթացքում։

Հատկանշական է, որ Օլիլայի պաշտոնանկությունն անսպասելի չէր. իր այս մտադրության մասին նա բաժնետերերին հայտնել էր դեռ 2011թ.։ Նա կշարունակի զբաղեցնել նավթագազային Shell ընկերության տնօրենների խորհրդի նախագահ պաշտոնը։

Nokia-ի տնօրենների խորհրդի նոր նախագահ կդառնա F-Secure հակավիրուսային ընկերության համահիմնադիր Ռիստո Սիլասմաան։ Նրա թեկնածությունը հաստատել են ընկերության բաժնետերերը, ասված է Nokia-ի հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ միջազգային վարկանշային S&P գործակալությունը Nokia-ի վարկանիշը BBB-ից իջեցրել էր մինչև BB+ (համարվում է սպեկուլյատիվ մակարդակ) և շնորհել «բացասական» կանխատեսում։ Սա նշանակում է, որ հետագայում ևս չի բացառվում ընկերության վարկանիշի իջեցումը։

Nokia-ի վարկանիշի իջեցումը հաջորդել էր այն բանին, երբ հայտնի էր դարձել, որ ընկերությունը բջջային հեռախոսների համաշխարհային առաջատար արտադրողի իր 14-ամյա «տիտղոսը» զիջել է հարավկորեական Samsung-ին։

Մեկնաբանել