Չինաստանն իր Հոլիվուդը կունենա

Չինաստանում շուտով կստեղծվի կինոստուդիա, որն ամերիկյան կինոարտադրողների հետ կզբաղվի համատեղ ֆիլմարտադրությամբ: «Չայնովուդի» կառուցման համար չինական կառավարությունը կծախսի 1,27 մլրդ դոլար:

Ամերիկյան Հոլիվուդի նմանակը` «Չայնովուդ» կինոստուդիան, կտեղակայվի Տյանցզին քաղաքի մոտակայքում: Այն կգլխավորի պրոդյուսեր Բրունո Բուն, որը ներկայացնում է Seven Stars Entertainment ընկերությունը: Հենց Բունի ջանքերով է այս նախագիծը ֆինանսավորվելու պետության կողմից: Կինոստուդիայի կառուցման համար Չինաստանի կառավարության տրամադրած 1,27 մլրդ դոլարով կկառուցվի 800 քմ տարածքով համալիր:

Ի դեպ` Չինաստանում արդեն կա 3300 քմ տարածքով «Չայնովուդ» կոչվող կինոստուդիա, որը գտնվում է Հենդյան քաղաքում: Այն կզբաղվի ֆիլմերի 3D ձևաչափի փոխակերպմամբ և հիմնադրամ կունենա ֆիլմերի սկզբնական ֆինանսավորման համար:

Բրունո Բուն նշել է, որ Արևելյան Ասիայի կինոշուկան իր ցուցանիշներով հասնում է ԱՄՆ-ին և 2015-ին 10 մլրդ դոլար կարժենա: ՉԺՀ-ն աստիճանաբար ընդլայնում է արտասահմանյան ֆիլմերի համար քվոտաները չինական վարձույթում և համագործակցության համար հատուկ հիմնադրամ է ստեղծել:

Նշենք, որ Չինաստանի ու Հոլիվուդի համագործակցության վերջին արդյունքն է «Կարատե-տղան», որի գլխավոր դերերում Ջեքի Չանն ու Ջադեն Սմիթն են:

Մեկնաբանել