Ռոբեն. Մենք չափազանց ուժեղ թիմ ունենք

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը մեկնաբանել է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելու իր որոշումը: Այս մասին տեղեկացնում են գերմանական ԶԼՄ-ները:

«Ես մշտապես նշել եմ, որ «Բավարիայում» ինձ շատ լավ եմ զգում: Դրանից ելնելով` ես ակումբի հետ երկարաձգեցի գործող պայմանագիրը: Նույնը կարող եմ ասել ընտանիքիս մասին. հարազատներս Մյունխենում իրենց զգում են, ինչպես տանը: Երեխաներիցս երկուսը ծնվել են հենց այստեղ: Մարզական առումով այս որոշումը ոչ պակաս կարևոր է ինձ համար: Մենք չափազանց ուժեղ թիմ ունենք, և ես վստահ եմ, որ առաջիկա մրցաշրջանների ընթացքում «Բավարիան» մեծ նվաճումների կհասնի», – նշել է հոլանդացի ֆուտբոլիստը:

Ռոբենի հետ նոր համաձայնության ձեռքբերման մասին խոսել է նաև Մյունխենի «Բավարիայի» նախագահ Կառլ Հայնց Ռումենիգեն. «Մենք անչափ ուրախ ենք, որ կարողացանք ընդհանուր հայտարարի գալ և երկարաձգել Ռոբենի հետ գործող պայմանագիրը մինչև 2015 թվականը: Արյենը «Բավարիայի» համար չափազանց կարևոր ֆուտբոլիստ է: Նա համարվում է մեր ակումբի հետագա հաջողությունների գրավականը»:

Հիշեցնենք, որ երեկ Արյեն Ռոբենը երկարաձգել է իր պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ մինչև 2015 թվականի հունիսի 30-ը։