Անշարժ գույքն էժանանում է

Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների միջին գները հունվարի համեմատ նվազել են 0,5%-ով, իսկ 2011թ. փետրվարի  համեմատ 3,8%-ով: Մարզերում փետրվարին բնակարանները նախորդ ամսվա համեմատ էժանացել են 1,1%-ով։

Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ուսումնասիրության համաձայն՝ 2012թ. փետրվարին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 3015 օտարման գործարքների 78,2%-ը կազմել են առուվաճառքները, 21,1%-ը՝ նվիրատվությունները, 0,7%-ը՝ փոխանակությունները: Անշարժ գույքի օտարման գործարքների 38%-ն արձանագրվել է Երևանում, օտարված անշարժ գույքի 39,2%-ը բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարաններ են։ Փետրվարին, նախորդ ամսվա համեմատ, անշարժ գույքի օտարման գործարքների քանակը նվազել է 20,1%-ով, 2011թ. փետրվարի համեմատ՝ 14,8%-ով:

Փետրվարին նվազել է նաև անհատական բնակելի տների պահանջարկը։ Այսպես. արձանագրվել է անհատական բնակելի տների 332 առուվաճառքի գործարք, ինչը հունվարի համեմատ պակաս է 21%-ով, 2011թ. փետրվարի համեմատ՝ 1,2%-ով։

Հիշեցնենք, որ անշարժ գույքի պահանջարկի անկում արձանագրվել է նաև այս տարվա հունվարին՝ օտարման գործարքների քանակը 2011թ. հունվարի համեմատ նվազել է 46%-ով:

Էժանանում են նաև մակերեսները

Երևանում 2012թ. փետրվարին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1քմ մակերեսի շուկայական միջին գները, նախորդ ամսվա համեմատ նվազել են 0,5%-ով՝ կազմելով Դ250,1 հազ.։ 2011թ. հունվարի համեմատ բնակարաններն էժանացել են 3,8%-ով։

Մայրաքաղաքում ամենաթանկ բնակարանները շարունակում են մնալ Կենտրոն վարչական շրջանում (1քմ՝ Դ400 հազ.), ամենաէժանը՝ Նուբարաշենում (1քմ՝ Դ140,1 հազ.)։ Նախորդ տարվա փետրվարի համեմատ ամենից շատ էժանացել են բնակարանները Կենտրոնում՝ 9,7%-ով, ամենից քիչը՝ Աջափնյակում ու Մալաթիա-Սեբաստիայում։

Երևանում 2012թ. փետրվարին արձանագրվել է անհատական բնակելի տների առք ու վաճառքի 79 գործարք. հունվարի համեմատ գործարքների քանակը նվազել է 22,5%-ով, 2011թ. փետրվարի համեմատ՝ 6%-ով։ Պահանջարկի կրճատման արդյունքում Երևանում անհատական բնակելի տների 1քմ մակերեսի միջին գները փետրվարին, հունվարի համեմատ, նվազել են 0,3%-ով, 2011թ. փետրվարի համեմատ՝ 2,6%-ով՝ կազմելով Դ269,7 հազ.:

Անշարժ գույքի պահանջարկի նվազումը նախևառաջ բնութագրում է բնակչության կենսամակարդակն ու գնողունակությունը։ Վճարունակության նվազման մասին է վկայում այն, որ 2012թ. փետրվարին հանրապետությունում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 20 գործարք, որից 17-ը՝ Երևանում: 2011թ. փետրվարի համեմատ հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը նվազել է 86,5%-ով, ընդ որում՝ Երևանում՝ 85,8%-ով, մարզերում միասին վերցված՝ 89,3%-ով: