Բանից անտեղյակ Արթուր Բաղդասարյանը

Երեկ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» լրատվական ծրագրով շշմելի խոստովանություն է արել Ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանը։ Նա Արամ Աբրահամյանի հետ հարցազրույցում խոստովանել է, որ կենսաթոշակային հիմնադրամում տեղի ունեցած չարաշահումները սոսկ չարաշահումներ չեն եղել, այլ պետական խոշորագույն հանցագործություն։ Պարոն Բաղդասարյանն այս խոստովանությունն արել է՝ պատասխանելով այն հարցին, թե պետությանը որտեղի՞ց այդքան գումար, որպեսզի իրականացնի ՕԵԿ-ի խոշոր ծրագրերը, մասնավորապես՝ կենսաթոշակների բարձրացումը, որն առաջարկում է Արթուր Բաղդասարյանը։

Վերջինիս խոստովանության մեջ շշմելին այն է, որ մինչև երեկ պետական ոչ մի մարմին՝ դատախազություն, Վերահսկիչ պալատ կամ ոստիկանություն, հայտարարություն չեն տվել, որ բացահայտվել է պետական խոշորագույն հանցագործություն։ Եթե տային, կենթադրեր ընթացակարգ՝ քննություն, ձերբակալություններ և պատասխանատվություն։ Այսպիսի ոչ մի բան չի եղել։ Մամուլն արդեն գիտի, որ Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի ղեկավարած կառույցը երկար տարիներ թոշակներ է դուրս գրել մահացածների անունից։ Մամուլն արդեն ենթադրել է, թե ովքեր են կերել այդ գումարները։ Հենց այդ պատճառով էլ իշխանությունը տեղի ունեցածը համարեց չարաշահում, ազատեց Վազգեն Խաչիկյանին և թեման փակեց։ Հիմա պարզվում է, որ ամբողջ այս ընթացքում երկիրը գործ է ունեցել պետական խոշորագույն հանցագործության հետ։ Ամբողջ աշխարհում այդպիսի հանցագործությունները ամիսներ շարունակ մնում են առաջին պլանում, դրանք գրեթե հավասարազոր են ահաբեկչություններին. բայց ոչ Հայաստանում։

Ինչո՞ւ։

Հարցն այն է, որ Անվտանգության խորհրդի քարտուղարը, դատելով իր հայտարարությունից, տեղեկացված է, որ տեղի է ունեցել խոշոր հանցագործություն, բայց տեղեկացված չէ, որ գույները խտացնել պետք չէ։ Այսինքն, իշխանությունը նրա հետ չի քննարկում հանրության համար ասվելիք մտքերը, այլապես Արթուր Բաղդասարյանը կիմանար, որ հարցը քննարկվել և փակվել է։ Նրա հայտարարությունից հետո իշխանությունը պարտավոր է արդեն ձերբակալել Վազգեն Խաչիկյանին, որովհետև նա է ղեկավարել Սոցիալական ապահովության պետական ծառայությունը, որը ենթարկվում է աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը։ Պետությունը, սակայն, մինչ այդ պետք է պատասխանի՝ ինչո՞ւ մինչև հիմա ձերբակալված չէ Վազգեն խաչիկյանը։ Հասկանալի է, որ պետությունը չի էլ կարող կամ չի պատրաստվում ձերբակալել։ Խաչիկյանն ինքն է կայքերից մեկին ասել, որ Ալավերդիում աշխատելու է ՀՀԿ-ի օգտին՝ հավանաբար այդպիսով փորձելով «քավել» կուսակցության վստահության չարաշահումը։ Խնդիրը, արդեն նշեցինք, Վազգեն Խաչիկյանը չէ, խնդիրը Արթուր Բաղդասարյանն է։ Իր խոստովանությամբ վերջինս ցույց տվեց, որ պետական քաղաքականության մեջ ինքը չկա։ Նրա հետ ոչինչ չեն քննարկում և ոչնչից տեղյակ չեն պահում։

Հիմա Արթուր Բաղդասարյանը բացահայտել է պետական մեկ այլ խոշորագույն հանցագործություն։ Իշխանությունը թաքցնում է մի բան, որը երկար ժամանակ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր։ Նա լրատվամիջոցներին է փոխանցել տեղի ունեցածի կռճոնները։ «Պետական խոշորագույն հանցագործություն» ձևակերպումն ամեն առիթով չես ասի։ Եվ ամեն առիթով չես հպարտանա, որ բացահայտվել է պետական խոշորագույն հանցագործություն։ Իսկ այս դեպքում իշխանությունը չի հպարտացել, այն դեպքում, երբ հպարտանալու բան կար։ Հենց թաքցնելն էլ պետական մյուս խոշորագույն հանցագործությունն է, որը բացահայտվեց շնորհիվ «բանից անտեղյակ» Արթուր Բաղդասարյանի։