Գները խեղդել են մետաղը

Ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում, 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ, հանքարդյունաբերական արտադրանքի ծավալը, Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, աճել է 3,2%-ով՝ կազմելով ֌78,7 մլրդ։ Այդուհանդերձ, արդյունաբերության կառուցվածքում ոլորտի մասնաբաժինը նվազել է 3-տոկոսային կետով՝ կազմելով 33,5%։ Պատճառը սննդամթերքի և խմիչքների արտադրության առաջանցիկ աճն է եղել և համաշխարհային շուկաներում մետաղների նվազող գները։

Հանքարդյունաբերության և հիմնային մետաղների արտադրության մասնաբաժնի նվազումն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ սննդամթերքի և խմիչքների արտադրության աճը տարեսկզբին եղել է առաջանցիկ՝ կազմելով համապատասխանաբար 21,2% և 24,1%։ Երկու այս ճյուղերին արդյունաբերության կառուցվածքում բաժին է ընկել 30,5%-ը։

Բացի այդ՝ ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում համաշխարհային շուկայում մետաղների գներն ավելի ցածր են եղել, քան 2011թ. հունվար-մարտին։ Այսպես. եթե անցած տարվա 1-ին եռամսյակում 1 տոննա պղնձի գինը տատանվում էր $9,5 հազ-ի սահմանում, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ արդեն 8,5 հազ-ի։

Մետաղների գների նվազումը ընկերություններին մղել է արդյունահանման ծավալների ավելացման։ Այսպես. այս տարվա 1-ին եռամսյակում պղնձի խտանյութի արտադրությունն ավելացել է 20,9%-ով՝ կազմելով 32,5 հազ. տոննա, կոնվերտորային պղնձի արտադրությունն աճել 17,1%-ով՝ մինչև 2,4 հազ. տոննա։ Աճել են նաև մյուս մետաղների արտադրության ծավալները. ցինկի արտադրությունն ավելացել է 18,9%-ով (արտադրվել է 4,33 հազ. տոննա), մոլիբդենի խտանյութինը՝ 6,1%-ով (2,33 հազ. տոննա)։ Այս հունվար-մարտին նվազել է միայն ֆեռոմոլիբդենի արտադրությունը՝ 6,9%-ով (արտադրվել է 1,23 հազ. տոննա)։

Թեև արդյունաբերության կառուցվածքում հանքարդյունաբերությունը զիջել է դիրքերը, ոլորտի մասնաբաժինը շարունակում է զգալի մնալ՝ պարունակելով էական ռիսկեր։ Համաշխարհային շուկայում մետաղների գները ներկայում թեև նպաստավոր են Հայաստանի համար, բայց դրանց նվազումը խնդիրներ է ստեղծելու ոչ միայն արդյունաբերության ոլորտի աճի, այլև տնտեսության համար։ Նշենք, որ Հայաստանի ՀՆԱ-ի կառուցվածքում արդյունաբերության մասնաբաժինը 17% է։ Մետաղների գների նվազումը խնդրահարույց է նաև արտաքին վճարային հաշվեկշռի համար, քանի որ Հայաստանի արտահանման 56%-ը բաժին է ընկնում ընդերքի հետ կապված արտադրանքին: