Լեհական կինոտարվա ֆիլմերը կցուցադրվեն Երևանում

Երևանի The club ակումբում մայիսի 8-29-ը AFG Film club նախագծի շրջանակում կցուցադրվի ժամանակակից լեհական կինո: Նախագծի համակարգող Մելիք Կարապետյանը Հայաստանում Լեհաստանի դեսպանատան առաջարկով կներկայացնի «Անհրաժեշտ սպանություն» թրիլերը, «Զրո», «Վարդիկ» և «Վրիպակ» կինոնկարները:

2009-ին նկարահանված «Զրո»-ն երիտասարդ ռեժիսոր Պավել Բորովսկու առաջին լիամետրաժ աշխատանքն է, որը 2010-ին Լոս Անջելեսի Milano International Film Festival -ում արժանացել է Leonardo’s Horse մրցանակի «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում: Վաշինգտոնում Filmfest DC 2010-ում այն նվաճել է Capital Focus մրցանակ, իսկ Ռումինիայում Anonimul International Independent Film Festival-ում` առաջին մրցանակ:

Ռեժիսորն այս ֆիլմում դիմում է ժամանակակից կինոյում ընդունված մեթոդի` երբ կինոխցիկը հետևում է յուրաքանչյուր երկխոսության ընթացքում վերջին խոսքն ասողին: Ֆիլմի գործողությունները կատարվում են 24 ժամվա ընթացքում: Հանդիսատեսը ծանոթանում է բազում մարդկանց պատմությունների, որոնք սակայն անավարտ են մնում` նա կարող է կռահել հերոսների գաղտնիքները` հիմնվելով այն րոպեների վրա, որոնց ընթացքում ռեժիսորը թույլ է տալիս ականջ դնել նրանց:

Կուլտային ռեժիսոր Եժի Սկոլիմովսկու «Անհրաժեշտ սպանություն»-ը պատմում է Տալիբանի անդամներից մեկի մասին, ում բռնում են ամերիկացի երեք զինվորների սպանությունից հետո: Նրան տեղափոխում են Եվրոպա, ուր պիտի որոշվի նրա ապագան, սակայն հերոսը փախչում է իր հսկիչներից և փորձում գոյատևել անծանոթ մայրցամաքում: Այս ֆիլմը Սկոլիմովսկու վերջին աշխատանքն է: 1990-ի սկզբին ռեժիսորը թողել է կինեմատոգրաֆը, սակայն տասնամյակներ անց նկարահանված նրա երկու նոր` «Չորս գիշեր Աննայի հետ» և «Անհրաժեշտ սպանություն», ֆիլմերը կրկնապատկել են Սկոլիմովսկու հռչակը: Նա այսօր դասվում է համաշխարհային ռեժիսորների շարքին մշտապես նորարարական մոտեցման համար:

Հաջորդ ֆիլմը, որ կներկայացվի «Ակումբ»-ում, Յան Կիդավա-Բլոնսկու «Վարդիկ»-ն է: 2010-ին Մոսկվայի միջազգային կինոփառատոնում ռեժիսորն այս աշխատանքի համար արժանացել է Արծաթե սբ Գևորգի: Ֆիլմը պատմում է երիտասարդ և միամիտ կնոջ մասին, որը, ցանկանալով օգտակար լինել իր գաղտնի գործակալ սիրեցյալին, համաձայնում է մտերմանալ և հետևել մի տարեց պրոֆեսորի: Կամիլան այս առաջադրանքը կատարելու ընթացքում ստանում է «Վարդիկ» մականունը: Կոնֆլիկտը սկսվում է, երբ պարզ է դառնում, որ «Վարդիկ»-ը սիրահարվում է իր «օբյեկտին»:

Այս ռոմանտիկ դրամայի ոգեշնչման աղբյուրը հայտնի լեհ գրող Պավել Յասենիցայի իրական պատմությունն է: Արձակագրի մահից տարիներ անց պարզվել է, որ նրա սիրելի կինը կոմունիստական գաղտնի գործակալ է եղել:

Մայիսին ներկայացվելիք ֆիլմերից վերջինը Մարեկ Լեխկիի «Վրիպակ»-ն է. երկու տարի առաջ նա դասվել է երիտասարդ խոստումնալից ռեժիսորների շարքին: Հոգեբանական դրաման պատմում է միջին տարիքի ճգնաժամը վերապրող Միխալի մասին: Ղեկավարի խնդրանքով նա ուղևորվում է իր մանկության քաղաք: Որոշ ժամանակ անցկացնելով հարազատ քաղաքում, զբոսնելով ծանոթ փողոցներում` Միխալը սկսում է մտածել` արդյոք ճիշտ ընտրություն է կատարել կյանքում, ինչ կլիներ, եթե նա ժամանակին հետևեր երազանքին ու փորձեր երաժիշտ դառնալ: Ամենասովորական ճանապարհորդությունը վերածվում է հուզական վերադարձի կյանք:

Մարեկ Լեխկին այս ֆիլմում հանդես է եկել որպես ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր:

Մեկնաբանել