Գործազուրկ իտալացիները հովիվ են դառնում

Մարտին Իտալիայում գործազրկության մակարդակը կազմել է 9,8%, ինչը առավելագույն ցուցանիշն է 2000-ից ի վեր։ Այս միտումը պայմանավորված է նրանով, որ երկրի տնտեսական բացասական գործընթացների խորացման ֆոնին ընկերությունները չեն ցանկանում ավելացնել հաստիքները։

Գործազրկության մակարդակը հատկապես բարձր է 15-24 տարեկան երիտասարդների շրջանում, որոնց 35,9%-ը գործազուրկ է, ինչը ևս ռեկորդային ցուցանիշ է Իտալիայի համար։ 

«Մենք գործազրկության մակարդակի կտրուկ բարձրացման փուլում ենք, որը վերաբերում է և´ տղամարդկանց, և´ կանանց, և´ հատկապես՝ երիտասարդներին»,- նշում են Իտալիայի Ազգային վիճակագրական ծառայության փորձագետները։

Այս ֆոնին ավագ սերնդի տղամարդկանց շրջանում ավանդական համարվող հովվի մասնագիտության ժողովրդականությունը սկսել է կտրուկ աճել։ Ներկայում Իտալիայում ավելի քան 3 հազ. երիտասարդ որոշել է արմատապես փոխել գործունեության ոլորտը՝ ընտրելով հովվի մասնագիտությունը։ 

Մասնագիտության ընտրությունը պայմանավորված է նաև նրանով, որ իտալական տնտեսությունը խիստ խնայողության պայմաններում չի կարողանում աշխատանքով ապահովել այդքան մեծ թվով բժիշկների, իրավաբանների և ինժեներների։ Արդյունքում՝ դիպլոմավորված մասնագետները, որոնք չունեն աշխատանքի համապատասխան փորձ մասնագիտական ոլորտում, գործնականում չեն կարող աշխատանք գտնել։

Մինչև 35 տարեկան հովիվների թվի անսպասելի աճն օգնել է Իտալիայի գյուղատնտեսական ոլորտի երիտասարդացմանը։ Իտալիայի Ֆերմերների ազգային միության տվյալների համաձայն՝ այս միտումը դրական է ազդում ոլորտի վրա. երիտասարդ հովիվներն ավելի մեծ խանդավառությամբ են օգտագործում անասնապահական նորարարական մեթոդները, ինչը թույլ է տալիս բարելավել նրանց արտադրած մսի, բրդի և պանրի որակը։