Կանցկացվեն Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներ

Հանրապետությունում մայիսի 7-ից կանցկացվեն միջոցառումներ` նվիրված Մեծ հայրենականում  հաղթանակի տարեդարձին: Ինչպես տեղեկացնում են «Հայ-ռուսական համագործակցության» ներկայացուցչության մամուլի ծառայությունից, մայիսի 7-ին կանցկացվի կլոր սեղան` «Անանց արժեքներ-սերունդների կապը պահպանող» խորագրով: Մայիսի 8-ին Մանկական երկաթգծում ԽՍՀՄ հերոսներին նվիրված հուշարձան-աղբյուրի մոտ կկազմակերպվի հուշ-հանրահավաք «Ռուսաստանի բարեկամներ», «Ռուսաստան» հկ-ների և «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի կողմից: Այս միջոցառմանը աջակցում է նաև ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը և «Հայ-ռուսական համագործակցության» ներկայացուցչությունը: Հուշ-հանրահավաքին ծաղիկներ կդրվեն հուշարձան-աղբյուրին, ապա կհաջորդի ՀՀ նախագահական նվագախմբի ու Պատվո պահակախմբի շքերթը:

Մայիսի 8-ին Մոսկվայի տանը կկայանա Հաղթանակի օրվան նվիրված միջդպրոցական մրցույթ` «Հայաստան-Ռուսաստան բարեկամության կամուրջ» խորագրով: Այս միջոցառման նախաձեռնողն է «Սլավոնական տուն» հկ-ն՝ Ռուսաստանի դեսպանատան և «Հայ-ռուսական համագործակցության» աջակցությամբ:

Նույն օրը կանցկացվի նաև երիտասարդական երթ` «Մենք հավատարիմ ենք այս հուշին» խորագրով: Ռուսական բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ուսանողները, ռուսական երիտասարդական ընկերությունների ակտիվիստները ՌԴ և ՀՀ դրոշներով կշրջեն Երևանի կենտրոնական փողոցներով և անցորդներին կբաժանեն հաղթանակը խորհրդանշող Գեորգիևյան ժապավեններ: