«Ժառանգություն»-ը միացել է 6 կուսակցությունների նախաձեռնությանը

«Ժառանգության» նախընտրական շտաբը միանում է ընտրություններին մասնակցող «Բարգավաճ Հայաստան», Հայ  յեղափոխական դաշնակցություն, Հայաստանի դեմոկրատական, Հայաստանի կոմունիստական, Հանրապետական և «Օրինաց երկիր» կուսակցությունների նախաձեռնությանը: «Ժառանգության» նախընտրական շտաբը այսօր հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Կարևորելով 2012թ. Աժ ընտրությունների անցկացման որակն ու պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը և  հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ, 48-րդ ու 67-րդ հոդվածների դրույթները, որոշեցինք դրսևորել միասնական կամք, միավորել մեր հնարավորությունները, և համատեղ ջանքերով ՀՀ հնարավորինս մեծաքանակ ընտրական տեղամասերում իրականացնել քվեարկության գործընթացի ու արդյունքների ամփոփման տեսանկարահանում’ չխախտելով քվեարկության գաղտնիությունը»:

Կուսակցությունը, ըստ հաղորդագրության, կարևորում է քվեարկության ընթացքի և դրանց արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանումը, որը կօգնի ընտրախախտումների արձանագրման հարցում: «Ժառանգություն»-ը  Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ժամանակ էլ բարձրացրել է ընտրական տեղամասերում պարտադիր տեսանկարահանում իրականացնելու դրույթը օրենքով ամրագրելու վերաբերյալ հարցապնդումը, ինչը մերժվել է իշխող կոալիցիայի կողմից: «Այս նախաձեռնությունը համահունչ է տարիներ շարունակ հետևողականորեն ներկայացրած մեր դիրորոշմանը: Մենք ևս երաշխավորում ենք, որ մեր վստահված անձանց կատարած տեսանկարահանումները ըստ պահանջի կտրվեն մյուս մասնակից կուսակցություններին»,-նշել է Ժառանգության» նախընտրական շտաբը: