Անկանխատեսելի ընտրություններ

Այս կիրակի տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները առանց չափազանցության կարելի է ասել՝ ամենաինտրիգային և ամենանկանխատեսելի ընտրություններն են Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում: Ճիշտ է՝ եղել են դեպքեր, երբ իշխանությունը թույլ է եղել, և ընդդիմությունը մեծ հնարավորություն է ունեցել իշխանության գալու, սակայն այդ դեպքերում իրավիճակը կախված է եղել հետընտրական զարգացումներից, և ընտրությունների պաշտոնական արդյունքները՝ կեղծիքների չափաբաժինը հաշվի առնելով, գրեթե միշտ ակնհայտ են եղել: Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ հաստատապես հնարավոր չէ պնդել, որ իշխանությունը կարող է վերարտադրվել՝ թեկուզ աննախադեպ կեղծիքների գնով:

Հատկապես ուռճացված ընտրացուցակների փաստը նկատի ունենալով՝ կարելի է ասել, որ իշխանությունն ամեն դեպքում դիմելու է ընտրակեղծիքների: Սակայն հաշվի առնելով գոյություն ունեցող քաղաքական իրավիճակը, ուժերի դասավորվածությունն ու տրամադրվածությունը, շատ դժվար է ասել՝ կհամարձակվի՞ արդյոք իշխանությունը դիմել լայնամասշտաբ ընտրակեղծիքների, թե  ոչ: Իսկ եթե համարձակվի, ապա ինչքանո՞վ ազատ և արդար ընտրություններով շահագրգռված ուժերը թույլ կտան, որ կեղծիքների մեքենան աշխատի: Եթե, այնուամենայնիվ, այդ մեքենան աշխատի և իշխող Հանրապետականը մեծամասնություն ստանա խորհրդարանում, ապա ի՞նչ քայլերի կդիմեն ՀՀԿ-ին հակադրվող ուժերը: Արդյոք կլինե՞ն այդ դեպքերում ընդունված հրապարակային բողոքի լայնածավալ ակցիաներ, թե՞ կգնան Սերժ Սարգսյանի հետ սեպարատ պայմանավորվածությունների ճանապարհով:

Քարոզարշավի եզրագծին այս հարցերը գրեթե պատասխաներ չունեն, և կարելի է միայն ենթադրել, քանի որ ամեն ինչ կախված է լինելու ընտրությունների ընթացքից և ընտրությունների իրական արդյունքներից: Սերժ Սարգսյանը, գլխավորելով ՀՀԿ-ի համամասնական ցուցակը և միայնակ քարոզարշավ իրականացնելով, այս խորհրդարանական ընտրությունները միաժամանակ վերածեց նախագահի նկատմամբ վստահության հանրաքվեի, ինչը էլ ավելի բարձրացրեց ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը: Հետևաբար ՀՀԿ-ի և անձամբ Սերժ Սարգսյանի համար այս ընտրությունները առանձնակի կարևորություն ունեն: Նունիսկ ինչ-որ չափով կարելի է ասել, որ ընտրությունների արդյունքները կարող են կանխորոշել 2013թ. նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանի մասնակցել-չմասնակցելը: Եթե ՀՀԿ-ն միայնակ կամ իր առկա և հնարավոր արբանյակներով մեծամասնություն չստանա ապագա խորհդարանում, ապա դե յուրե և դե ֆակոտ զրկվելու է իշխանությունից:

Ինչպես հայտնի է, փոփոխված սահմանադրությամբ վարչապետը օժտված է բավականին լայն լիազորություններով, իսկ այդ լիազորությունների գործադրման դեպքում վարչապետը կարող է իրական հակակշիռ լինել նախագահին: Միակ բանը, որ կարելի է վստահությամբ ասել, մայիսի 6-ի ընտրություններով Հայաստանը նախանշելու է հաջորդ վեց տարիների Հայաստանի ճանպարհը: