Ընտրահայացք նախավերջին օրվան

«Միավորված հայեր»-ը ընտրողներին հանդիպել է Գյումրիում: Ռուբեն Ավագյանը նշել է. «Պետք է Հայաստանին մի նոր ուժ, որի անունն է օրենք»: Հրաչյա Հակոբջանյանը նշել է, որ մեր երկրում կրթությունն է ողբալի վիճակում. «Դպրոցի շրջանավարտն ընկնում է հակասության մեջ: Թղթերով որ նայենք, նրանք կուտակած պիտի լինեն ահռելի գիտելիքներ, բայց իրականում նրանց գիտելիքները շատ աղքատիկ են»,-ասել է նա: Ժաննա Ժամհարյանը կոչ է արել. «Այնպիսի ճաշ չեփենք, որ հետո 5 տարի չկարողանանք ուտել»:

«Առաջին անգամ Հայաստանի նորանկախ պատմության մեջ գործում է քաղաքական միասնական շահ, որի նպատակն է բոլոր ընտրատեղամասերում ապահովել վստահված անձանց և հանձնաժողովի անդամների համագործակցությունը»,- նշել է Լևոն Զուրաբյանը: «Ընտրակաշառքով իրենց ձայները վաճառողները իշխանությունից ոչինչ չեն կարող պահանջել բացի հերթական ողորմելի ընտրակաշառքից»,- հայտարարել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նախընտրական քարոզարշավի վերջին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կրկնել է հանուն Հայաստանի բարօրության ամեն ինչ կորցնելու պատրաստակամությունը: «Պատրաստ եմ կորցնելու, բայց ժողովրդի հավատն ու վստահությունը չեմ կորցնելու: Ով մեր թիմակցի հետ գործ ունի, մեր հետ գործ ունի, ով որ փորձի ընտրախախտում անել, օրենքի առաջ պատասխան կտա»,- ասել է նա:

Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր խոսել է իր գաղափարների կողոպուտի մասին: Ըստ նրա` դեմկուսի ծրագրից վերցնում, յուրացնում ու ներկայացնում են` առանց իրենց հղումներ կատարելու, սակայն խորության մեջ չտիրապետելով այդ գաղափարներին` այդ «կրկնողները» չեն կարողանալու դրանք իրականություն դարձնել: «Թող դիմեն, ես կարող եմ նվիրել իմ գաղափարները»,- առաջարկել է նա:

ՀՅԴ անդամ Արտաշես Շահբազյանն այսօր լրագորղների հետ հանդիպմանը ասել է. «Եթե դուք նայեք մեր նախորդ ընտրական ծրագիրը, շատ մեծ տարբերություն չկա, այսինքն` շարունակականություն կա: Մենք փորձել ենք ժողովրդին ասել, թե որոնք են մեր անելիքները, և ինչպես ենք դրանք իրականացնելու»: Հաջորդ կառավարությունը, ըստ Արտաշես Շահբազյանի կանխատեսումների, ավելի պատասխանատու է զգալու իրեն խորհրդարանի առաջ:

ՀՀԿ հանրահավաքում նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Ուրիշ ոչ ոք մեր փոխարեն չի պահպանելու մեր սահմանած կանոնները: Մեր քաղաքակրթության կանոնները: Փոխադարձ հարգանքի մեր սահմանները: Ինքնե՛րս պիտի անենք: Ուրիշ ոչ ոք մեզ դատավոր չէ: Ինքներս ենք մեր դատավորը, մեր սահմանների սահմանապահն ու մեր փոխադարձ հարգանքի մշտարթուն պահապանը»:

«Բարձրացնել նվազագույն աշխատավարձը, բարձրացնել կենսաթոշակը»,- նշել է ՕԵԿ առաջնորդը Ազատության հրապարակում: Նա ՕԵԿ-ի համար առատություն է կանխատեսել տեղացող անձրևից. դա ոգևորել է հավաքվածներին, որ ՕԵԿ առաջնորդի հետ «Հաղ-թա-նակ» են վանկարկել: Հանրահավաքն ավարտվել է համերգով:

«Ժառանգություն»-ն ամփոփել է ընտրարշավը Շառլ Ազնավուրի անվան հրապարակում` ընտրողներին հորդորելով ընտրելուց առաջ մտածել, թե ինչպիսի Հայաստանում կուզեին արթնանալ մայիսի 7-ին: «Սա այն դրոշն է, որ երբեք ոչ մի նախագահի, ոչ մի ցուցակի, ոչ մի թշնամու առաջ չի խոնարհվելու. սա է մեր դրոշը»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը` ծնկած համբուրելով հայոց եռագույնը: «Մենք գալիս ենք ստեղծելու այն Հայաստանի հանրապետությունը, որի համար պայքարում ենք»,- ասել է «Ազատ դեմոկրատ» Խաչատուր Քոքոբելյանը:

Մեկնաբանել