ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների պատրաստությունը

ԿԸՀ-ն պատրաստ է ընտրություններին. շուտով կավարտվեն վերջին աշխատանքները»,- «Հ1» հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման հյուրասրահում ասաց Կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Վաղն առավոտյան արդեն կսկսվի ընտրաթերթիկների տեղաբաշխումը ընտրատեղամասեր, ընտրատեղամասերը կսկսեն կահավորվել»,- նշեց նա: Ըստ Մուկուչյանի` Ընտրական օրենսգրքի բազմաթիվ նոր նորմերի հիմնական նպատակն է ստեղծել այն միջավայրը, որում ընտրությունները կանցնեն արդար:

Ըստ նրա` կարևոր փոփոխություններից մեկն էլ այն է, որ հիմա ոչ միայն լրատվամիջոցները, այլև` ցանկացած մարդ կարող է լուսանկարահանել կամ տեսանկարահանել ընտրատեղամասը: Միակ սահմանափակումն է` չխոչընդոտել ընտրության գաղտնիությունը: Այն ապահովելու համար ցուցակը և ընտրողի ընտրելու պահը որևէ հիմնավորմամբ տեսագրել կամ լուսանկարահանել չի կարելի: «Դա ընտրության գաղտնիության ապահովման իրավունքն է»,- հիշեցրեց Մուկուչյանը:

Այս ամսվա ընթացքում ԿԸՀ-ի ստացած ընտրախախտումների մասին դիմումների մեծ մասը վերաբերել է քարոզչական պաստառների` դրանց համար չնախատեսված վայրերում փակցված լինելուն: Սակայն այս ոլորտում ևս, ԿԸՀ նախագահի դիտարկմամբ, այս ընտրություններում նախկինների համեմատ էապես քչացել են այս տիպի խախտումները:

Ընտրացուցակներն ամենաշահարկվող թեման է եղել: «Ընտրական ցուցակները պիտի զերծ լինեն անճշտություններից»,- նշեց նա` հիշեցնելով, որ դա ապահովելու համար էլ ցուցակները համացանցում հասանելի են եղել բոլորին` ներբեռնելու հնարավորությամբ, և հնարավորություն ուներ ցանկացած քաղաքացի ցանկացած անճշտության վերաբերյալ դիմումներ ներկայացնել:

Երկքաղաքացիները ևս ՀՀ քաղաքացիներ են և լիարժեք ՀՀ քաղաքացու իրավունքներ ունեն` կարող են մասնակցել ընտրություններին իրենց հաշվառման վայրում: «Սակայն եթե նա  [երկքաղաքացին] գտնվի այլ վայրում, նա կարող է մասնակցել ընտրություններին համամասնական ընտրակարգով` ընդգրկվելով լրացուցիչ ցուցակներում»,- նշեց Մուկուչյանը:

«Կարուսելների» ավանդույթը կանխելու համար է, որ «ընտրողների անձնագրերում դրվելու է դրոշմակնիք, և նոր միայն վերջինիս թույլատրվելու է քվեատուփի մեջ գցել քվեաթերթիկը»: Այն դիտարկմանը, թե թանաքը կարող է անհետանալ 4-5 ժամ հետո, և նույն ընտրողը նույն անձնագրով կարող է այլ տեղամասում մասնակցել ընտրություններին` Մուկուչյանն ասաց, որ ինքն էլ տեղյակ է այդ հրապարակումներին, և կրկին հրավիրեց բոլոր նրանց, ովքեր կասկածներ ունեն թանաքի որակի վերաբերյալ, գալ ցանկացած ընտրատեղամաս, ընտրել ցանկացած տուփ և փորձարկել թանաքը` համոզվելու համար, որ այն 12 ժամից շուտ չի անհետանում: