Ռուբեն Հայրապետյան. Նման մտածելակերպով ֆուտբոլիստներ հավաքականում հանդես չեն գա

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Դենիս Թումասյանի և Խոակին Բոգոսյանի՝ հավաքականում հանդես գալու հարցին։

«Սիրելի ֆուտբոլասերներ, ես ուզում եմ, որ դուք բոլորդ ճիշտ հասկանաք իմ հայտարարությունը և հավատաք, որ այդ ամենը բխում է մեր ազգային հավաքականի շահերից: Դա վերաբերվում է Դենիս Թումասյանին և Խոակին Բոգոսյանին, նաև վերաբերվելու է հետագայում մեր այն ֆուտբոլիստներին, ում հրավիրելու ենք ազգային հավաքական: Այն ֆուտբոլիստները, ովքեր մերժելու են հավաքականում հանդես գալու հրավերը, նրանք այլևս չեն հրավիրվելու հավաքական: Դուք բոլորդ գիտեք, որ մեր հավաքականում հանդես են գալիս միայն նվիրյալներ և իրենց հայրենիքը սիրող ֆուտբոլիստներ: Նրանցից ոչ մեկը չի խաղում գումարի կամ այլ բաների համար:

Նրանք խաղում են իրենց երկրի և զինանշանի համար, որը կրում են և շատ հպարտ են զգում իրենց: Ինչ վերաբերում է Դենիս Թումասյանին, ութ տարի շարունակ մենք նրան հրավիրել ենք, և նա մերժել է: Իսկ անցած տարի խոստացավ, որ կգա, և չեկավ: Բայց Ռուսաստանի խաղից հետո որոշեց, որ ցանկանում է խաղալ հավաքականում: Մեզ նման ֆուտբոլիստ պետք չէ:

Ինչ վերաբերվում է Բոգոսյանին` երկու տարի շարունակ, ես չեմ ուզում նշել` ինչ մեթոդներ ենք կիրառել նրան հավաքական հրավիրելու համար, բայց նա մերժել է: Երբ որ նրանք պետք էին հավաքականին և կարող էին օգնել հավաքականին, նրանք մերժեցին: Արդյոք ճիշտ է նման ֆուտբոլիստներին հրավիրել ազգային հավաքական, որոնք նույնիսկ չեն պատկերացնում` Հայաստանն ինչ է, հայ լինելն ինչ է և հայրենիքի համար խաղադաշտում պայքարելն ինչ է: Միգուցե ես սխալվում եմ, թող ներեն այն բոլոր ֆուտբոլասերները, ովքեր ինձ հետ համաձայն չեն: Քանի ես ՀՖՖ նախագահ եմ, նման մտածելակերպով ֆուտբոլիստներ հավաքականում հանդես չեն գա: Եվ ես ձեզանից բոլորիցդ խնդրում եմ, որ այլևս այդ երկու ֆուտբոլիստների հետ կապված հարցեր չուղղեք»:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել