Եգիպտոսում պարետային ժամ է սահմանվել

Որոշումը կայացվել է ցուցարարների և իշխանության ուժերի միջև անկարգություններից հետո, որոնց արդյունքում, ինչպես հաղորդում է BBC-ն, զոհվել է մեկ զինծառայող, հարյուրավոր ցուցարարներ ստացել են վնասվածքներ:

Պարետային ժամը 23:00-ից 07:00-ն է լինելու` տեղական ժամանակով (21:00-ից 05:00-ը` ըստ Գրինվիչի):

Երեկ, երբ ցուցարարները մոտեցել են Եգիպտոսի ՊՆ-ի շենքին, զինվորականներն օգտագործել են ջուր և արցունքաբեր գազ` ցուցարարների ամբոխը ցրելու համար: Տասնյակ մարդիկ ձերբակալվել են:

Ցույցը ցրվել է, սակայն մասնակիցներից մի քանիսը միացել են Թահրիր հրապարակի ցուցարարներին. Թահրիրը փետրվարին նախկին նախագահ Մուբարաքի դեմ ցույցերի կենտրոնն էր:

Ցուցարարներն արտահայտել են իրենց դժգոհությունը իշխանության` անվտանգությունն ապահովելու անզորության հանդեպ, ինչպես նաև կրկնել են իրենց պահանջը` իշխանությունը պիտի հանձնվի քաղաքացիական ղեկավարությանը նախքան նախագահական ընտրությունները:

Հիշեցնենք, որ հինգշաբթի ՊՆ-ի դիմաց բողոքի ցույցի ժամանակ ցուցարարների վրա հարձակվել էին անհայտ անձինք, որի արդյունքում զոհվել էր շուրջ 20 մարդ: