Կայացավ Հայաստանի հավաքականի նոր մարզահագուստի շնորհանդեսը

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կազմակերպվել էր Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզահագուստի շնորհանդեսը։ Այսուհետ մեր ազգային հավաքականները կրելու են Adidas հանրահայտ ընկերության մարզահագուստը։

ՀՖՖ-ում կազմակերպված մամուլի ասուլիսին ներկա էին ֆեդերացիայի առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը, Հայաստանի ազգային հավաքականի մազրիչ Վարդան Մինասյանը, հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը, ՀՖՖ նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը։ Ներկայացված մարզահագուստի վրա գրված էր թիմի ավագի՝ Սարգսիս Հովսեփյանի ազգանունը և համարը։ Ներկայացվել էին ոչ միայն շապիկները, այլև տարվա բոլոր եղանակների համար նախատեսված հանդերձանքը։

Բանախոսները հույս հայտնեցին, որ նոր մարզահագուստով մեր հավաքականը ավելի լուրջ բարձունքների կհասնի։ Այն հարցին, թե ինչու է հավաքականի սեփական հարկի տակ անցկացվող խաղերի համար նախատեսված մարզահագուստը նման Իսպանիայի հավաքականի մարզահագուստին, իսկ արտագնա խաղերինը՝ Հունաստանի, ՀՖՖ փոխնախագ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իրենք Adidas-ի հետ համատեղ փորձել են հնարավորին ուրույն մարզահագուստ ներկայացնել՝ հաշվի առնելով նաև ազգային խորհրդանիշներն ու դրանց գույները․ «Շատ դժվար է հագուստի առանձին գիծ մշակել և ներկայացնել, քանի որ դա կապված է լուրջ ռեսուրսների հետ։

Մենք հագուստը մշակելիս փորձել ենք հնարավորին չափով հաշվի առնել մեր խորհրդանիշների գույները, ինչն էլ իր արտացոլումն է գտել մասնավորապես տնային խաղերի համար նախատեսված հագուստում։ Հագուստը մշակելիս մենք հաշվի ենք առել նաև մեր ֆուտբոլիստների կարծիքը, քննարկել ենք այն թիմի ավագ Սարգիս Հովսեփյանի հետ», -ասաց Մարտիրոսյանն ու հավելելեց, որ շուտով մարզահագուստը կհայտնվի մարզական խանութներում, սակայն հստակ ժամկետ չնշեց։

Սարգիս Հովսեփյանն իր գոհունակությունը հայտնեց նոր մարզահագուստը ներկայացնելու կապակցությամբ՝ նշելով, որ Adidas-ը շատ ավելի լուրջ ընկերություն է․ «Շատ գոհ ենք այս մարզահագուստից։ Չէի ցանկանա այն համեմատել այլ երկրների մարզահագուստների գույների և ձևի հետ։ Կարծում եմ, որ շատ լավ գույներ են ընտրված, Hummel-ի դեպքում գույները մի փոքր անհասկանալի էին», – ասաց Հովսեփյանը։ Նոր մարզահագուստով ավելի լուրջ բարձունքների հասնելու հույս հայտնեց նաև թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել