ՍԴ-ն քննում է ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի դիմումը

ՀՀ Սահմանադրական դատարանը բանավոր ընթացակարգով քննել է ՀՀ ԱԺ ԲՀԿ և ՀՅԴ 29 պատգամավորի դիմումը` Հայաստանի ընտրական օրենսգրքի որոշ դրույթների ոչ սահմանադրականության մասին:

Նիստին մի քանի րոպե հետևելուց հետո դահլիճը լքել են պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Արամ Սաֆարյանը, որոշ ժամանակ անց նաև` Լյուդմիլա Սարգսյանը, Ռուզաննա Առաքելյանը և Արտաշես Շահբազյանը:

Պատգամավորների պահանջը ներկայացնող ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահե Գրիգորյանն իր եզրափակիչ խոսքում կարևորել է այս պահանջի ընդունումը: Ըստ նրա` դրա շնորհիվ ավելի շատ մարդիկ այսուհետ վստահություն կունենան, որ ընտրություններն արդար են, ու կցանկանան մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին:

ՀՀ Ազգային ժողովի անունից պատասխանող կողմ ՀՀԿ պատգամավորության թեկնածու, ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը վստահեցրել է, որ մատնանշվող փոփոխությունները հակասում են Վենետիկի հանձնաժողովի պահանջներին, որտեղ ընդգծվում է ընտրողների գաղտնիության ապահովումը` որպես ժողովրդավար ու արդար ընտրությունների անցկացման առաջնահերթություն:

Հիշեցնենք, որ ԲՀԿ և ՀՅԴ 29 պատգամավոր (փաստաթղթի տակ, ըստ ՍԴ նախագահի, ստորագրել են 31 պատգամավոր) Սահմանադրական դատարան դիմելով` վիճարկել են ՀՀ Ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի առաջին մասի, 31-րդ հոդվածի առաջին մասի երրորդ կետի և 33-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ կետի դրույթների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, այդ թվում` Ընտրական օրենսգրքի` ընտրողների ցուցակների մատչելիության հոդվածի առաջին մասը:

ՀՀ ընտրողների ցուցակը, բացառությամբ զինվորական մասերում կազմվող, ինչպես նաև ընտրողների ստորագրած ցուցակների, ազատ է ծանոթության համար: Ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից լուսապատճեններ չեն հանվում, դրանք չեն լուսանկարվում և տեսանկարահանվում: ԲՀԿ և ՀՅԴ պատգամավորները հույս ունեն այսուհետ հասանելի դարձնել ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակները: Այս մեթոդը գործարկվում է աշխարհի մի շարք (այդ թվում և` զարգացած) երկրներում, քանի որ ընտրություններին մասնակցելը համարվում է «քաղաքացիական պարտք», իսկ քաղաքացու` ընտրություններին մասնակցած լինել կամ չլինելու մասին տեղեկատվությունը չի խախտում նրա` ընտրության գաղտնիության իրավունքը:

Մեկնաբանել