Լրջագույն աղմուկ ենք բարձրացնելու. Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Աժ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը քաղաքացիների անձնագրերում ընտրելու փաստն արձանագրող կնիքների թանաքի անհետացումը «խայտառակություն» է որակել:

«Առավոտյան ժամը 8-ից մենք լրջագույն ահազանգեր ենք ստանում, որ հատկապես Աջափնյակում և Արաբկիրում, կնիքները օքսիդանում են ուղիղ 7-10 րոպեի ընթացքում: Ես ինքս ստուգել եմ: Սա ուղղակի խայտառակություն է: Ես տեղյակ եմ պահել ԿԸՀ նախագահ Մուկուչյանին: Նա ասաց, որ տեղյակ են և զբաղվում են: Եթե այս կերպ են սկսել ընտրությունները, ապա հերթական անգամ մենք պետք է արձանագրենք, որ Հայաստանում ընտրությունները ուղղակիորեն կեղծվում են: ԲՀԿ-ն չի հաշտվելու այս ամենի հետ, լրջագույն աղմուկ ենք բարձրացնելու»,- Գյումրիի ԳԱԼԱ հեռուստատեսության հետ զրույցում ասել է Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք, որ այսօր առավոտվանից բազմաթիվ ահազանգեր են ստացվում, որ քաղաքացիների անձնագրերում ընտրելու փաստն արձանագրող կնիքներն անհետանում են: Ըստ օրենքի՝ այդ կնիքները պետք է պահպանվեն 12 ժամ: Քաղաքացիներն ու քաղաքական ուժերը մտավախություն են հայտնում, որ այդպիսով հնարավոր կլինի քաղաքացիների՝ կրկնակի քվեարկությունը:

Մեկնաբանել