«Ժառանգություն»-ը հայտարարություն է տարածել

«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել դրոշմակնիքների թանաքների ժամանակից շուտ անհետացման կապակցությամբ: Ըստ հաղորդագրության` «Ժառանգության» նախընտրական շտաբը առավոտվանից ահազանգներ է ստանում ընտրատեղամասերից՝ ընտրած քաղաքացիների անձնագրերում դրոշմակնիքների համար նախատեսված թանաքների՝ օրենքով սահմանված ժամկետից շուտ, իսկ ավելի ստույգ՝ մի քանի րոպեի ընթացքում անհետանալու մասին: Այս ահազանգերը փոխանցվել են ԿԸՀ, որը պարզաբանել է, որ պատճառը թանաքամանների չթափահարելն է, եւ հրահանգել է հանձնաժողովներին այսուհետ դրոշմակնքելուց առաջ թափահարել դրանք: Սակայն ՏԸՀ-ների «Ժառանգության» տեղերով նշանակված անդամներից և ընտրություններին մասնակցած քաղաքացիներից 10:30-ի դրությամբ շարունակում են ահազանգեր ստացվել, որ նույն խնդիրը դեռ մնում է չլուծված, թեև թափահարելուց հետո թանաքը դրոշմակնքված անձնագրերից անհետանում է մեկ ժամվա ընթացքում:

« «Ժառանգության» նախընտրական շտաբը պահանջում է, որ ստեղծված իրավիճակում, երբ օրենքի պահանջի կատարումը դարձել է անհնարին, միակ լուծումը ցնդող թանաքների անհապաղ փոխարինումն է սովորական թանաքներով, այլապես կրկնակի քվեարկության կանխումը, որի ապահովմանն է միտված օրենքի` անձնագրերի վերջին էջը դրոշմակնքելուն վերաբերող համապատասխան դրույթը, անհամեմատ կբարդանա, ինչը կստվերի ընտրությունների օրինականությունը»,-նշել է կուսակցության նա նախընտրական շտաբը:

Մեկնաբանել