Արգենտինացիները պահանջում են օրինականացնել մարիխուանան

Երեկ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում և տասնվեց այլ քաղաքներում ցույցեր են տեղի ունեցել մարիխուանայի օգտագործման օրինականացման պահանջով: Ցույցերին մասնակցել են ինչպես մարիխուանա արտադրողները, այնպես էլ օգտագործողները: Ըստ BBC-ի՝ նրանք կառավարությունից պահանջում են օրինականացնել մարիխուանայի օգտագործումը՝ անկախ դրա քանակությունից, թույլատրել կանեփի աճեցումը անձնական օգտագործման համար և ընդունել թմրամոլների անվճար և ինքնակամ բուժման ազգային ծրագիր:

Ակցիայի կազմակերպիչների կարծիքով՝ «թեթև թմրանյութերի օգտագործման օրինականացումը կօգնի թմրանյութերի դեմ պայքարում, քանի որ կվերացնի ստվերային շահույթները»:

Բուենոս Այրեսում ցույցի մասնակիցները մարիխուանա են ծխել երկրի խորհրդարանի՝ Ազգային կոնգրեսի դիմաց: Ոստիկանության տվյալներով՝ ցույցին մասնակցել է մոտ քսան հազար մարդ, մինչդեռ կազմակերպիչները վստահեցնում են, որ մարդիկ կրկնակի շատ են եղել:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Արգենտինայում մոտ 2 միլիոն մարդ մարիխուանա է օգտագործում (սկսած 2009թ. սեպտեմբերից՝ անձնական օգտագործման համար մարիխուանայի քիչ քանակությամբ չափաբաժինը քրեորեն պատժելի չէ): Յուրաքանչյուր հարյուրերորդ արգենտինացի պարբերաբար օգտագործում է մարիխուանա: Վերջին տարիներին երկրում տարածվել է այսպես կոչված «պակո»-ն՝ ծխելու համար նախատեսված կոկաին:

Մարիխուանայի օգտագործումը թույլատրելու նպատակով աշխարհում ակցիաներ են կազմակերպվում 1999-ից սկսած՝ Global Marijuana March կազմակերպության աջակցությամբ: Այս տարի նմանատիպ ակցիաներ կազմակերպվել են Բրազիլիայում, Կոլումբիայում, Կոստա Ռիկայում, Մեքսիկայում, Պարագվայում, Պերուում, Չիլիում և Ուրուգվայում:

Գվատեմալայի նախագահ Օտո Պերես Մոլինան բազմիցս արտահայտվել է թմրամիջոցների օգտագործման օրինականացման օգտին: Նրա կարծիքով՝ պետությունը պետք է ստեղծի թմրամիջոցների շուկա՝ ծխախոտի և ալկոհոլի շուկաների պես: Այս գաղափարը պաշտպանում են լատինամերիկյան մի շարք քաղաքական գործիչներ:

Մարիխոանա օգտագործում է երկրագնդի բնակչության 4,4 տոկոսը:

Կանեփը, ինչպես նաև դրանից պատրաստված թմրամիջոցներն արգելված են գրեթե ողջ աշխարհում՝ բացառությամբ մի քանի երկրների՝ Պորտուգալիա, Ճամայկա, Կանադա, Չեխիա, ԱՄՆ-ի մի շարք նահանգներ, Իսպանիա և Նիդեռլանդներ:

Մեկնաբանել