Անահիտ Բախշյանի ահազանգը չի հաստատվել

Այսօր` ժամը 09:47-ին, ԱԺ պատգամավորի թեկնածու Անահիտ Բախշյանից ՀՀ գլխավոր դատախազության «թեժ գծով»  ստացվել էր հաղորդում այն մասին, որ Կարբի գյուղի գյուղապետը խոչընդոտում է հանձնաժողովի աշխատանքներին:

Ինչպես տեղեկացնում է դատախազության մամուլի ծառայությունը, Արագածոտնի մարզի դատախազության հանձնարարությամբ ոստիկանության բաժնում կատարված ուսումնասիրությունների արդյունքներով հիշյալ համայնքի ղեկավար Ֆրունզիկ Նազարեթյանի կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու վերաբերյալ ահազանգը չի հաստատվել:

Պարզվել է, որ  տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Եպրաքսյա Մաթևոսյանն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել վստահված անձանց նկատմամբ, բղավել: Վերջններս դիտողություն են արել հանձնաժողովի նախագահին՝ դրսևորած վարքագծի համար:

Հանձնաժողովի աշխատանքները չեն խոչընդոտվել և նա շարունակում է բնականոն աշխատանքը: