Իշխանահաճո exit poll

Ընտրությունների ավարտից անմիջապես հետո, կարելի է ասել, սկսվեց exit poll-երի պատերազմ: Առաջին կրակոցը արձակվեց ՀՀԿ-ի կողմից, որը ավելի շատ մարտահրավեր է քաղաքական դաշտին: Այսօր Հայաստանի ողջ տարածքում 25 հազ. ընտրողների շրջանում «Արմենիա» հեռուստաընկերության պատվերով Gallup International Association կազմակերպության անցկացրած exit poll-ի տվյալների համաձայն՝ բացարձակ առաջատարը ՀՀԿ-ն է՝ 44,4 %: Նրան հաջորդում են ԲՀԿ-ն՝ 28,8 %, ՀԱԿ-ը` 6,33 %, ՕԵԿ-ը` 6,14 %, ՀՅԴ-ն՝ 5,18%, «Ժառանգությունը»` 5,92%: Մյուս կուսակցությունները չեն հաղթահարել 5-տոկոսանոց շեմը:

Բնականաբար կարիք չկա հիշեցնելու, թե ովքեր են կանգնած «Արմենիա» հեռուստաընկերության հետևում և ովքեր են վճարել այդպիսի արդյունքներ ստանալու համար: Իսկ թե ովքեր են կանգնած Gallup International Association կազմակերպության ետևում, այնքան էլ հայտնի չէ: Այդ կազմակերպության լրջության մասին չի խոսում ոչ միայն այս exit poll-ը, այլև այն, որ իրեն «լուրջ հաստատություն» համարող այդ կառույցն անգամ վեբկայք չունի (ինչում կարելի է համոզվել այս տեքստին կից նկարից):

Gallup International Association հրապարակած արդյունքները առավելագույնս համապատասխանում են պատվիրատուի երազած խորհրդարանի կազմին, և ուժերի այս դասավորությամբ խորհրդարանը առավելագույնս համապատասխանում է գործող իշխանության շահերին: Ներկայացված պատկերի համաձայն՝ ՀՀԿ-ն իր արբանյակ ՕԵԿ-ով միայն համամասնական կարգով փաստորեն մեծամասնություն է ստանում խորհրդարանում: Սակայն այս ամենի մեջ մեկ կարևոր հանգամանք բաց է մնում՝ որքանո՞վ են արժանահավատ այս հարցումները, այն դեպքում, երբ կշիռներով անհամեմատ իրարից տարբերվող ՀԱԿ-ը և ՕԵԿ-ը գրեթե նույն վստահության ցուցանիշն ունեն:

Փաստորեն, ցանկություններն ու երազանքները գործող իշխանությունը վերածել է քաղաքական կատեգորիայի և ներկայացրել սոցհարցումների տեսքով: Թե որքանով Սերժ Սարգսյանին հաճո կլինի խորհրդարանը, կախված է ազատ և արդար ընտրություններով շահագրգռված քաղաքական ուժերի դիրքորոշումից: