Հունական կոալիցիան մեծամասնություն չի ստանում

Հունաստանում երեկ տեղի ունեցած խորհրդարանական վաղաժամ ընտրությունների քվեաթերթիկների 98,4%-ի հաշվումից հետո «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 18,9%-ը և ստանում է 108 պատգամավորական մանդատ։

ՊԱՍՕԿ-ը ստացել է 13,2% ձայն։ 1974-ից ի վեր սա այս կուսակցության (որը տասնամյակներ շարունակ գերիշխել է երկրի քաղաքական կյանքում) վատագույն արդյունքն է։ ՊԱՍՕԿ-ը այժմ խորհրդարանում կստանա 41 տեղ։ «Նոր ժողովրդավարությունն» ու ՊԱՍՕԿ-ը միասին ստանում են 149 տեղ, ինչը երկու մանդատով պակաս է, քան հարկավոր է 300-տեղանոց միապալատ խորհրդարանում համատեղ մեծամասնություն կազմելու համար։

ՊԱՍՕԿ-ից առաջ է անցել ձախ արմատականների ՍԻՐԻԶԱ բլոկը, որը ստացել է ընտրողների ձայների 16,8%-ը՝ 52 մանդատ։ «Անկախ հույներ» վերաստեղծված կուսակցությունը ստացել է 10,6% ձայն և ստանում է 33 մանդատ։ Հունսատանի կոմունիստական կուսակցությունը ստացել է 8,5% ձայն և 26 մանդատ, «Ոսկե արշալույս» կուսակցության նեոսֆաշիստները ստացել են 7% ձայն և 21 մանդատ, իսկ «Ժողովրդավարական ձախ ուժեր» չափավոր ձախ կուսակցությունը՝ 6,1% ձայն և 19 մանդատ։

Ակնկալվում է, որ այսօր աջ կենտրոնամետների առաջնորդ Անտոնիս Սամարասը կառավարություն ձևավորելու լիազորություններ կստանա Հունաստանի նախագահ Կառլոս Պապուլիասից։ Նախարարների կաբինետի ձևավորման բանակցությունները պետք է ավարտվեն երեք օրվա ընթացքում, իսկ պայմանավորվածությունների բացակայության դեպքում մանդատը կանցնի երկրորդ տեղը զբաղեցրած կուսակցությանը և այդպես շարունակ, քանի դեռ բանակցությունները հաջողությամբ չեն պսակվի կամ կհամարվեն չկայացած։ Բացի այդ՝ նախագահն իրավունք ունի դադարեցնելու այդ գործընթացը և նշանակելու նոր վաղաժամ ընտրություններ։