Ջեյմս Քեմերոնը «Ավատար 2» կնկարահանի

«Տերմինատոր» և «Ավատար» ֆիլմերի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը ներկա է գտնվել Պեկինում կայացած միջազգային կինոփառատոնին, որի ընթացքում հարցազրույց է տվել The New York Times և The Economist պարբերականներին: Ռեժիսորը պատմել է «Ավատար» ֆիլմի շարունակությունը նկարահանելու որոշ մանրամասների մասին:

Չնայած նրան, որ բնությանը խնամքով վերաբերվելու մասին Ջեյմս Քեմերոնի պատմությունը հանքարդյունաբերող երկրներում ժողովրդականություն չի վայելում, ռեժիսորին դա հետ չի պահի: «Ավատարի» և «Տիտանիկի» նոր` 3D տարբերակի փայլուն հաջողությունը ոգեշնչել է դրանց հեղինակին նոր մասշտաբային նախագծերի ստեղծման համար: Քեմերոնի խոսքով` վերջին երկուսուկես տարվա ընթացքում իր թիմը զբաղվել է ժամանակակից ծրագրային ապահովման մշակմամբ, որը զգալիորեն հեշտացնելու է էֆեկտների արտադրության ընթացքը: Ռեժիսորը տեղեկացրել է նաև, որ «Ավատար 2»-ի նկարահանումը կմեկնարկի շատ շուտով:

«Վերջին 16 տարվա ընթացքում ես երկու դիտարժան ֆիլմ եմ ստեղծել, բավականին շատ ժամանակ եմ տրամադրել ստորջրյա հետազոտություններին և այժմ հետաքրքրված եմ «Ավատար 2»-ի, «Ավատար 3»-ի, հնարավոր է նաև` «Ավատար 4»-ի ստեղծմամբ: Անշուշտ, նաև ծովի հատակի մասին պատմող վավերագրական ֆիլմ եմ ցանկանում նկարահանել, սակայն դա` ավելի ուշ», – ասել է Քեմերոնը: Նա նաև հավելել է, որ թեև «Ավատար 2»-ն ու «Ավատար 3»-ը կապված են ընդհանուր սյուժետային գծով, սակայն տրիլոգիա չեն կոչվելու:

Մեկնաբանել