Ակնկալվում է, որ քվեարկությունը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի 4-ին․ խորհրդարանական հերթական ընտրություններն Իսրայելում պետք է տեղի ունենային 2013թ. հոկտեմբերին:
Ելույթ ունենալով իր կուսակցության՝ «Լիկուդ»-ի համագումարում՝ Նեթանյահուն նշել է, որ չի ցանկանում ևս մեկուկես տարվա քաղաքական անկայունություն՝ զուգորդված շանտաժով և պոպուլիզմով։ Հիշեցնելով իր կառավարության ձեռքբերումների մասին՝ նա նշել է, որ մտադիր է գլխավորել նոր կոալիցիան։
Նեթանյահուն, որն Իսրայելի վարչապետ է դարձել 2009թ․ մարտին, երկրի առավել ժողովրդական քաղաքական գործիչն է, հիշեցնում է BBC-ն։ Վերլուծաբանների կարծիքով՝ խորհրդարանական վաղաժամ ընտրություններ անցկացնելու նրա որոշումը կարող է պայմանավորված լինել «Լիկուդ»-ի` իր կոալիցիոն գործընկեր «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության հետ առկա տարաձայնություններով։ Մյուս կողմից՝ այս քայլը կարող է ամրապնդել Նեթանյահուի դիրքերն այն դեպքում, եթե Բարաք Օբաման այս տարվա նոյեմբերին կայանալիք ընտրություններում վերընտրվի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում։