Նրան կոչում են պարոն Ավանգարդ Ֆոլկ

Ամեն տարի Արտո Թունջբոյաջյանը, որն ապրում է ԱՄՆ-ում, հանդես է գալիս երևանյան համերգներով: Այս այցը նախորդների նման ընդամենը մի քանի օր կտևի, որի ընթացքում, սակայն, Թունջբոյաջյանն իր հայտնի Armenian navy band-ի հետ վեց երեկո` մայիսի 10-15–ը, կնվագի «Մեցցո» ակումբում:

Արտոն սովորական երաժիշտ չէ, քանի որ նրա ձեռքում երաժշտական գործիքի են վերածվում ամենասովորական, նույնիսկ կենցաղային իրերը: Նա ավելի նման է քարոզչի, որը երաժշտության միջոցով խոսում է արարչաստեղծ աշխարհի ու մարդու լուսավոր էության մասին:

Աշխարհում Արտո Թունջբոյաջյանի անունը հայտնի դարձավ, երբ նա հայտնվեց հանրահռչակ ջազ-ռոք ստեղնաշարահար Ջո Զավինուլի «Սինդիկատ» խմբում: Նրա հետ տարիների ընթացքում համագործակցած երաժիշտների և երաժշտախմբերի ցանկն ավելի քան տպավորիչ է` Փոլ Ուինթեր, Ալ դի Մեոլա, Oregon, System of a down: 1998-ին որոշ ժամանակով վերադառնալով Հայաստան` Արտոն ստեղծել է Armenian navy band-ը, որը կարելի է «Հայկական ջազ-աստղերի խումբ» կոչել: Խմբի 12 անդամներից յուրաքանչյուրը զուգահեռ նվագում է տարբեր կազմերում` Արմեն Հյուսնունց` պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, Արման Ջալալյան`անդրկովկասում «Յամահա»-ի միակ պաշտոնական երաժիշտ, Վահագն Հայրապետյան` գլխավոր «Կատու», վիրտուոզ դուդուկահար Նորայր Քարտաշյան: Խմբի երաժշտությունն այսօր որակում են իբրև world music: Սա մի ուղղություն է, որում միավորվում են ավանդական էթնիկ մոտիվները և ժամանակակից գլոբալացման միտումները: Armenian navy band-ի անդամներին, իրենց իսկ խոստովանությամբ, ավելի հոգեհարազատ է ավանգարդ ֆոլկ անվանումը: Նրանք միահյուսում են անցյալի և ապագայի երաժշտությունը, վերածնում են այն, ինչ յուրաքանչյուրը կրում է իր մեջ` մաքուր, սրտից բխող մեղեդի:

Արտո Թունջբոյաջյանն ասում է, որ սկզբում երաժշտությունը գործ էր իր համար, հետո այն երկու մասի բաժանվեց` դառնալով գործ ու հոգի: «Կամաց-կամաց հոգիս գործ դարձավ: Այսօր Armenian navy band–ն է իմ հոգին»,-ասում է երաժիշտը:

2006-ին հեղինակավոր BBC world music award մրցանակաբաշխության ժամանակ Armenian navy band-ը հաղթող է դարձել «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում: Վերջին տարվա ընթացքում Արտո Թունջբոյաջյանն ընդգրկված է նորաստեղծ Human Element սուպեր խմբում: Նրա գործընկերներն են ճանաչված երաժիշտներ Գարի Նովակը, Սկոտ Քինսին, Մեթյու Գարիսոնը: Քառյակի առաջին սկավառակը բավական ջերմ է ընդունվել ԱՄՆ-ում: Իսկ անցյալ տարի Արտո Թունջբոյաջյանի` լեգենդար սաքսաֆոնահար Փոլ Ուինթերի հետ համատեղ «Միհո. Ճանապարհորդություն դեպի լեռը» ալբոմն արժանացել է Գրեմիի` «Լավագույն նյու-էյջ ալբոմ» անվանակարգում:

Արտոյի և Armenian navy band-ի համերգների ծրագիրը սովորաբար նախօրոք չի պլանավորվում, այնպես որ այս համերգների ընթացքում ևս ամեն ինչ կթելադրի հանդիսատեսը, պահը, տրամադրությունը: