ՄԻՊ-ն ընտրախախտումների վերաբերյալ ստացել է 310 ահազանգ

Մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գիծը նախընտրական շրջանում և ընտրությունների օրը գործել է շուրջօրյա: Ընդհանուր առմամբ Պաշտպանը ընտրական իրավունքների իրացման վերաբերյալ ստացել է 310 ահազանգ: Նախընտրական քարոզչության ընթացքում ստացվել է 106 ահազանգ. 64` Երևանից, 42` մարզերից: Ընտրության օրը ստացվել է 204 ահազանգ. 114` Երևանից, 90` մարզերից: Ստացված ահազանգերով Պաշտպանի արագ արձագանքման խմբերը 119 դեպքերում տեղում տրամադրել են իրավական աջակցություն:

Պաշտպանի մարզային գրասենյակների ընտրական իրավունքների հետ կապված աշխատանքի վիճակագրությունը հետևյալն է.

Գյումրիի գրասենյակ՝ 22 ահազանգ, 15 արագ արձագանքում:

Վանաձորի գրասենյակ՝ 28 ահազանգ, 25 արագ արձագանքում:

Գավառի գրասենյակ՝ 13 ահազանգ, 13 արագ արձագանքում:

Իջևանի գրասենյակ՝ 15 ահազանգ, 11 արագ արձագանքում:

Եղեգնաձորի գրասենյակ՝ 7 ահազանգ, 5 արագ արձագանքում:

Կապանի գրասենյակ՝ 5 ահազանգ, 3 արագ արձագանքում:

Ստացված ահազանգերի, դիմումների և զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների հիման վրա Պաշտպանի կողմից հարուցվել է 78 վարույթ: Վարույթ ընդունված գործերից երեքն ավարտվել են, իսկ մնացածն ուսումնասիրության փուլում են:

Պաշտպանի կողմից վարույթներ են հարուցվել ընտրողների անձնագրերում դրված դրոշմակնիքների սահմանված ժամկետից շուտ անհետացման (64 ահազանգ), տեղամասային կենտրոններում անձանց կուտակումների (18 ահազանգ), ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների (55 ահազանգ), պատգամավորների թեկնածուների առաջադրման և գրանցման օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման (3 ահազանգ), նախընտրական քարոզարշավի իրականացման կարգի խախտման (12 ահազանգ), հաշմանդամների կողմից ընտրական իրավունքի իրականացման հետ կապված խնդիրների (14 ահազանգ), ընտրությունների ընթացքում լրագրողների, վստահված անձանց, դիտորդների գործունեության խոչընդոտման և նրանց նկատմամբ բռնությունների կիրառման (12 ահազանգ), քաղաքացիներին տեղամասային կենտրոններ անվճար տեղափոխելու (24 ահազանգ), քվեարկության խցիկների տեղադրման տեսանկյունից` քվեարկության գաղտնիության ապահովման պահանջի խախտման (2 ահազանգ), ընտրակաշառքի բաժանման կամ ընտրակաշառքի խոստումների (16 ահազանգ), քվեարկության ընթացքում անձնագրում դրոշմակնիք չդնելու (7 ահազանգ), մեկ անձի կողմից մեկից ավելի անգամ քվեարկելու (8 ահազանգ), բաց քվեարկության անցկացման (4 ահազանգ), սահմանված կարգով ուղևորափոխադրումների չիրականացման (2 ահազանգ), քվեատուփերի տեղադրման` ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման (3 ահազանգ), քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին այլ անձի կողմից օգնություն տրամադրելու կարգի խախտման (14 ահազանգ), տեղամասային կենտրոնում գտնվելու իրավունք չունեցող անձանց կողմից կենտրոն մուտք գործելու (9 ահազանգ), քվեարկության անցկացման կարգի խախտման (12 ահազանգ) վերաբերյալ։

Պաշտպանի կողմից հարուցված վարույթներով գրություններ են ուղարկվել ՀՀ ոստիկանություն, ՀՀ դատախազություն, ՀՀ կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ, տեղական ինքնակառավարման մարմիններ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն:

Առաջնորդվելով Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով` Պաշտպանը որոշում է կայացրել հանդես գալ 2012թ-ի մայիսի 6-ի ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների վերաբերյալ արտահերթ զեկույցով, որը կպատրաստվի հարուցված վարույթների արդյունքների և Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող հետընտրական գործընթացների մշտադիտարկման հիման վրա: Պաշտպանի արտահերթ զեկույցում տեղ կգտնեն ոչ միայն նախընտրական քարոզչության, ընտրությունների օրվա, այլև հետընտրական շրջանում մի շարք պետական մարմինների, այդ թվում ընտրական հանձնաժողովների, ոստիկանության, դատախազության, ինչպես նաև ընտրական գործընթացի այլ մասնակիցների գործողությունների վերաբերյալ փաստացի տվյալները և Պաշտպանի գնահատականները:

Մեկնաբանել