Վիրահայ նկարիչների վրձնաշխարհը

Վերջինիս երկրորդ հարկում բացվել էր վիրահայ նկարիչների «Հայրենիքիս կանչով» ցուցահանդեսը՝ նախաձեռնությամբ և հովանավորությամբ ՀՀ սփյուռքի նախարարության: Այո՛, ժամանակն է ընդլայնելու ժամանակակից հայ արվեստի ծիրը՝ դրանում ընդգրկելով նաև սփյուռքի մեծ ու փոքր գաղթօջախներում ապրող հայ արվեստագետներին:

Երևանցի արվեստասերին հետաքրքիր է, թե արդյոք շարունակվում են գեղարվեստական այն հարուստ ավանդույթները, որոնք ժամանակին կային Տփղիս-Թիֆլիս-Թբիլիսիում: Չէ՞ որ 19-րդ դարում և 19-20-րդ դարերի սահմանագծին Թիֆլիսը հայ մշակույթի զարգացման կենտրոնն էր, չասելու համար՝ «մշակութային մայրաքաղաքը»: Այստեղ են ապրել ու ստեղծագործել հայ դիմանկարչության հիմնադիր Հակոբ Հովնաթանյանը և հայ բնանկարչության հիմնադիր Գևորգ Բաշինջաղյանը: Իսկ հայ պատմանկարչության սկզբնավորող Վարդգես Սուրենյանցը նույն քաղաքում Եղիշե Թադևոսյանի, Փանոս Թերլեմեզյանի, Մարտիրոս Սարյանի և այլոց հետ հիմքը դրեց Հայ նկարիչների ընկերության: Ի վերջո, թիֆլիսյան դրոշմը կա մեր գրականության և թատրոնի, գեղարվեստական ողջ մտածողության վրա: Չմոռանանք նաև Վրաստանում գտնվող հայաշատ մյուս բնակավայրերը: Ախալցիխեում են, օրինակ, ծնվել նույն Վարդգես Սուրենյանցը, մեծ գեղանկարիչներ Հակոբ Կոջոյանն ու Վահրամ Գայֆեճյանը:

Ցուցահանդեսի բացման օրը հանդիպեցի Ախալցիխեի Վահրամ Գայֆեճյանի անվան ստեղծագործողների միության նախագահ Ալեքսանդր Իգիթխանյանին, որը հիացած էր նմանօրինակ ցուցահանդես կազմակերպելու գաղափարով: Տարակուսած էր միայն, որ վիրահայ ոչ բոլոր նկարիչներն են, վրաստանաբնակ, թե հայաստանաբնակ, մասնակիցների ցանկում: Այլապես ավելի ամբողջական կլիներ տպավորությունը վիրահայ կերպարվեստից:

Ինքը՝ Ալեքսանդրը, լինելով նկարիչ, որևէ ստեղծագործություն չէր ներկայացրել, սակայն հպարտ էր իր սաներից Միքայել Բաղդասարյանի ցուցադրած աշխատանքներով: Իրոք, Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի այդ շրջանավարտի թե՛ «Ինքնանկար»-ը, թե՛ Ախալցիխեի Ս. Նշան եկեղեցու և թե՛ հարազատ գյուղի բնապատկերներն աչքի էին ընկնում գեղարվեստական հասուն հայացքի առկայությամբ և վրձնի անուրանալի վարպետությամբ:

Ցուցադրանքի իմաստակիր կենտրոնում հայաստանաբնակ «թիֆլիսեցի» հայտնի գեղանկարիչ Մայիս Մխիթարյանի գործերն էին՝ իրենց վառվռուն գույներով և խորհրդանշական արտահայտչաձևերի առատությամբ: Դրանցից առանձնացնենք «Սայաթ-Նովայի աստվածային պոեզիան» մեծադիր կտավը, որտեղ «Գուրջիստանի երկու գոզալներ» են պատկերված, մեկի ձեռքին՝ երաժշտական ոճավորված գործիք: Ճիշտ է, բացակա է մեծ գուսանի կերպարը, սակայն ներկա է նրա պոետական շունչը:

Ցուցահանդեսն ընդհանուր առմամբ հատկորոշվում էր ոճային բազմազանությամբ և արևելյան մոտիվների գերակայությամբ: Վերջիններս առկա էին հատկապես Ալլա Անտոնյանի («Դուետ»), Արտեմ Ալագուլյանցի («Կին՝ սիրամարգ», «Երթ») և Արտեմ Մելիք-Ազարյանցի («Մարակեշ», «Էվոլյուցիա») աշխատանքներում:

Այցելուն երկար էր կանգ առնում ջավախահայ նկարիչ Համլետ Արոյանի ռոմանտիկ շնչի բնանկարների («Փոթորիկ», «Անձրևոտ օր») առջև: Դրանց հեղինակը ժամանակին ավարտել է Լվովի նկարչական ինստիտուտը և արդեն 30 տարի նկարչություն է դասավանդում իր հայրենի բնակավայրի՝ Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի միջնակարգ դպրոցում: Նույն հեղինակի գրաֆիկական «Ինքնադիմանկար»-ն իր էքսպրեսիվ արտահայտչականությամբ, անտարակույս, այս ցուցահանդեսի լավագույն գործերից էր:

Թվում էր, թե վիրահայ նկարիչների գործերում պիտի գերակշռեին հին ու նոր Թիֆլիսի գունեղ պատկերները, բազմազգ այդ քաղաքի գողտրիկ տեսարանները: Իրականում, սակայն, այդպես չէր: Միայն Ջովանի Վեփխվաձեի քաղաքային բնանկարները և հատկապես Թենգիզ Միկոյանցի «Հին Թբիլիսի» կտավը կարող էին այս առումով գոհացնել արվեստասերի ճաշակը:

Իր ստեղծագործական ուրույն ձեռագրով հիշատակենք նաև Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի կրտսեր դստեր՝ Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանի ստեղծագործությունները: Ճիշտ է, վերջիններիցս մեկը «Հավլաբար» էր կոչվում, սակայն միայն ուշադիր հայացքի դեպքում կարելի էր նշմարել հայոց Ս. Էջմիածին վանքի գմբեթն ու քայլող մի խումբ մարդկանց:

Ընդհանուր առմամբ, վիրահայ 22 նկարչի 75 աշխատանք էր ցուցադրված՝ միմյանցից տարբեր գեղարվեստական որակներով և ներգործության ուժով: Հայտնի արվեստաբան Շահեն Խաչատրյանը ևս իր խոսքում կարևորեց նման ցուցահանդեսի կազմակերպման իրողությունը՝ միաժամանակ ընդգծելով գեղագիտական տարբեր լիցքի նկարների առկայությունը կողք կողքի:

Ի դեպ՝ սփյուռքի նախարարության աջակցությամբ հրատարակվել էր նաև «Հայրենիքի կանչով» ցուցահանդեսի գունավոր կատալոգը: Մնում է հուսալ, որ այս ցուցահանդեսին կհաջորդեն նաև մյուսները, որոնցում ներկայացված կլինի մերձավոր ու հեռավոր սփյուռքի մյուս համայնքների գեղարվեստական հունձքը: Մինչ այդ՝ ներկա ցուցահանդեսը տասը օրով տեղափոխվեց Գյումրի՝ ներկայացվելու տեղի հանդիսատեսին:

Լևոն Լաճիկյան, արվեստաբան

Մեկնաբանել