ՀՀԿ-ն՝ իր իսկ լարած թակարդում

Մայիսի 6-ի ընտրություններում իշխող կուսակցությունը, գործի դնելով բոլոր հնարավոր միջոցները (ընտրողների ուռճացված ցուցակ, ընտրակաշառք, վարչական ռեսուրսներ, կրկնակի քվեարկություններ և այլն), կարողացավ տպավորիչ հաղթանակ տանել մրցակիցների նկատմամբ և կառավարությունը միայնակ ձևավորելու հնարավորություն ստանալ: Իշխանությունը չփորձեց խաղալ հավասար մրցակցային պայմաններում, երբ առավել շատ քվեներ ստացած ուժը նման մեծ առավելություն չէր ունենա երկրորդ տեղում հայտնված ուժից: Սա կարող է դառնալ իշխանության պյուրոսյան հաղթանակը: Ինչու:

Արդար խաղի կանոնների պարագայում Սերժ Սարգսյանը ընտրություններից հետո ստիպված էր լինելու իշխանությունը կիսել ԲՀԿ-ի կամ ԲՀԿ-ՀՅԴ հնարավոր դաշինքի հետ՝ ստանալով նրանց՝ 2013թ. նախագահական ընտրություններին իրեն սատարելու մասին հավաստիացումը:

Նախագահական ընտրությունները պրոցեդուրալ առումով կարելի է համեմատել համամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրությունների հետ: Այդ առումով մայիսի 6-ին ՀՀԿ-ի գրանցած 44%-ը համադրելի է ընտրությունների վերահսկողության միասնական շտաբում հանդես եկող երեք քաղաքական ուժերի տոկոսների հանրագումարին՝ մոտ 43%: Եթե սրան գումարենք նաև ընդդիմադիր «Ժառանգության» էլեկտորատը, ապա իշխող կուսակցությունը՝ իր վարչական մեքենայով հանդերձ, զիջում է ընդդիամդիր էլեկտորատին:

Խորհրդարանական այս ընտրություններին ՀՀԿ-ի ամբողջ քարոզարշավն իր ուսերին էր վերցրել անձամբ Սերժ Սարգսյանը, ինչը շատ նման էր նախագահական ընտրարշավի: Այս առումով նրա ստացած 44%-ը առավել ևս կարելի է համարել նախագահական ընտրությունների փրայմերիզում ստացած տոկոս:

Պարզ էր, որ խորհրդարանական այս ընտրություններին Սերժ Սարգսյանի նպատակն էր ապահովել 2013թ. իր առաջադրումը: Մրցակիցներին, առաջին հերթին՝ իրական կոալիցիա և հակակշիռներ կազմելու դիրքերից հանդես կեող ԲՀԿ-ին մղելով լուսանցք, իշխանությունը վերջինիս դրդում է նախագահական ընտրապայքարին սեփական թեկնածուով հանդես գալուն: Ավելին, ներկայում ստեղծված պայմաններում կարող է տեղի ունենալ ՀՀԿ-ին հակադրվող ուժերի կոնսոլիդացիա՝ 2013թ. նախագահական ընտրություններին կա՛մ միասնական թեկնածուով մասնակցելու, կա՛մ առնվազն դրա երկրորդ փուլն ապահովելու ուղղությամբ, երբ իշխանությունն արդեն ուժասպառ կլինի վարչաբյուրոկրատական մեքենան ամբողջ արդյունավետությամբ օգտագործելու առումով:

Վերոնշյալը ի մի բերելով՝ կարելի է ասել հետևյալը՝ Սերժ Սարգսյանը ընդդիմադիր դաշտին մղել է կոնսոլիդացիայի, ինչը կարող է ի չիք դարձնել 2013թ. նրա պլանները: