Քլինթոնը Պակիստանին կոչ է արել ուժեղացնել հակածայրահեղական պայքարը

Քլինթոնը, որը երկօրյա այցով Հնդկաստանում է, հույս է հայտնել, որ Պակիստանի իշխանությունները կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի այս երկրի տարածքը չօգտագործվի որպես պլացդարմ՝ այլ երկրների վրա ահաբեկչական հարձակումներ կազմակերպելու համար։

ԱՄՆ պետքարտուղարը նաև նշել է, որ Վաշինգտոնն ու Դելին պետք է խորացնեն համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում և ամրապնդեն կապերը երկու երկրների ուժային կառույցների միջև։

Նախօրեին Քլինթոնը Պակիստանին կոչ էր արել միջոցառումներ ձեռնարկել «Լաշքարե Տայիբա» («Աստծո բանակ») արմատական իսլամիստական կազմակերպության հիմնադիր Հաֆիզ Մուհամադ Սայիդին ձերբակալելու ուղղությամբ, որը մեղադրվում է 2008թ. Մումբայում ահաբեկչական հարձակում կազմակերպելու մեջ։

Հարկ է նշել, որ այս շաբաթ ԱՄՆ-ը խոստացել է $10 մլն պարգևատրել նրան, ով տեղեկատվություն կտրամադրի Սայիդի գտնվելու վայրի մասին։ «Լաշքարե Տայիբա»-ի երկրորդ մարդու՝ Հաֆիզ Աբդ ալ Ռահմանի գտնվելու վայրի մասին տեղեկատվության համար ԱՄՆ-ի իշխանությունները պատրաստ են վճարել $2 մլն։

Մեկնաբանել