Նավթ յուանի դիմաց


Չինաստանը սկսել է իրանական նավթի դիմաց վճարել յուանով։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Իրանի արտգործնախարարության իր աղբյուրները։ Իրանը, իր հերթին, այս գումարով վճարում է Չինաստանից ներկրվող ապրանքների դիմաց։

Ըստ Financial Times-ի՝ Իրանը Չինաստանին նավթը յուանով է վաճառում արդեն մի քանի ամիս։ Ընդ որում՝ չինական արժույթն Իրանը ստանում է ռուսական բանկերով։ Ուշագրավ է, որ չինական մի շարք խոշոր բանկեր, այդ թվում՝ Bank of China-ն, հրաժարվել են համագործակցել Իրանի հետ՝ միջազգային պատժամիջոցներից խուսափելու նպատակով։

Այս տարի փետրվարին հայտնի դարձավ, որ Իրանը Հնդկաստանին թույլ է տվել մատակարարվող նավթի 45%-ի դիմաց վճարել հնդկական ազգային արժույթով՝ ռուփիով։ Մինչ այդ Հնդկաստանն Իրանից ներկրվող նավթի 80%-ի դիմաց վճարում էր եվրոյով կամ դոլարով։ Փոխանցումները կատարվում էին թուրքական Turkiye Halk Bankasi բանկի միջոցով։

Պեկինը և Նյու Դելին հրաժարվել են կրճատել Իրանից էներգակիրների ներկրման ծավալները՝ չնայած ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների։ Արևմուտքը, իր հերթին, ճնշում է գործադրում այս երկրների վրա՝ իրանական նավթի ներկրումը կրճատելու համար։

Հնդկաստանն իրանական նավթի դիմաց դոլարով և եվրոյով վճարելու հարցում առերեսվում է խնդիրների, քանի որ Իրանի նկատմամբ գործում են ֆինանսական պատժամիջոցներ։ Դրանք արգելում են ֆինանսական գործարքներն իրանական բանկերի հետ։
Սահմանված պատժամիջոցների համաձայն՝ ԱՄՆ-ը և ԵՄ-ն լիովին հրաժարվում են իրանական նավթից։ Ավելի վաղ ստորագրված պայմանագրերով ներկրումները դադարեցվում են հուլիսի 1-ից։ Իրանը, իր հերթին, արդեն դադարեցրել է մի շարք եվրոպական երկրներ նավթի մատակարարումը։

Հիշեցնենք, որ Արևմուտքի կողմից Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները պայմանավորված են իրանական միջուկային ծրագրով։ Թեհրանը պնդում է, որ միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում, մինչդեռ ըստ Արևմուտքի՝ ծրագրի նպատակը միջուկային զենքի ստեղծումն է։

Մեկնաբանել