Քննարկվել է ոռոգման համակարգում ծրագրերի ընթացքը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափիին:

Ինչպես տեղեկացնում են նախարարության մամուլի ծառայությունից, կողմերը քննարկել են ոռոգման համակարգում ՀԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերի և, մասնավորապես,«Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով» կատարվող աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Այս ծրագրով շարունակվում են մայր ջրանցքների և միջտնտեսային ցանցերի վերականգնման աշխատանքները: Երկուստեք գոհունակություն է հայտնվել աշխատանքների որակի, դրանք ըստ ժամանակացույցի կատարելու առնչությամբ:

Փոխվարչապետը կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ՀԲ-ին Մարմարիկի ջրամբարի շինարարության համար, որը շահագործման հանձնվեց օրերս: Անդրադարձ է եղել Հայաստանում ջրամբարաշինությունը շարունակելու հարցին: Գևորգյանը կարևորել է ջրային պաշարների կուտակման հնարավորությունների ընդլայնումը ինչպես գյուղատնտեսության զարգացման, այնպես էլ էներգետիկ և բնապահպանական անվտանգության տեսանկյունից: Նշվել է, որ կառավարությունն այս տարի գերմանական KfW բանկի աջակցությամբ նախատեսում է սկսել Կապսի անավարտ ջրամբարի կառուցման նախապատրաստական աշխատանքները: Ընդ որում` ջրամբարի կառուցումը կնպաստի նաև Արփի լճի բնապահպանական խնդիրների լուծմանը: Քննարկվել են նաև մի շարք անավարտ ու նոր ջրամաբարների կառուցման հնարավորությունները, որոնք կարևոր նշանակություն կունենան գյուղացիական տնտեսությունների համար` ոռոգման ջրի անխափան մատակարարում երաշխավորելով:

Մեկնաբանել