ԿԲ-ն չի բացառում տոկոսադրույքի իջեցումը

2012թ.մայիսի 8-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%: Միևնույն ժամանակ ԿԲ-ն չի բացառում, որ եթե գնաճը ձևավորվի տատանումների թույլատրելի միջակայքի (4±1,5%) ստորին հատվածում, կդիտարկվի դրամավարկային պայմանների թուլացման անհրաժեշտությունը:

Ըստ ԿԲ հաղորդագրության ՝2012 թ. ապրիլին արձանագրվել է 0,6% գնանկում: Արդյունքում 12-ամսյա գնաճը, նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ նվազել է 0,3 տոկոսային կետով և կազմել 1,9%` ձևավորվելով տատանումների թույլատրելի միջակայքից ցածր մակարդակում:

ԿԲ խորհուրդը գնահատել է, որ պարենային և հումքային ապրանքների միջազգային շուկաներից ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա ճնշումներ չեն ակնկալվում. չնայած այդ ապրանքների (հիմնականում՝ նավթ, ցորեն) հարաբերական գների տատանումներին, ընդհանուր առմամբ, դրանց ազդեցությունը գնահատվում է չեզոք:

«Խորհուրդն արձանագրեց, որ ՀՀ տնտեսության զարգացումները նույնպես գնաճային միջավայրի ընդլայնում չեն նախանշում. մասնավոր ծախսումների աճը և հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը ոչ գնաճային են: Համաշխարհային և ՀՀ տնտեսությունները զարգանում են ըստ 2012 թ. առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության բազային սցենարի: Ներկայում իրատեսական է կանխատեսվող 12-ամսյա ժամանակահատվածում գնաճի ձևավորումը 4% նպատակային ցուցանիշի ±1,5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում, և այս պահին նպատակահարմար է պահպանել քաղաքականության տոկոսադրույքի 8% մակարդակը, որը գնաճային միջավայրի վրա կթողնի չեզոք ազդեցություն: ԿԲ խորհուրդը միաժամանակ նշեց, որ տնտեսության զարգացման նկարագրված միտումների շարունակականության դեպքում կանխատեսվող գնաճը կձևավորվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածում: Այս պարագայում խորհուրդը կդիտարկի դրամավարկային պայմանների թուլացման անհրաժեշտությունը»,- նշված է ԿԲ հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ վերջին անգամ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերանայել է 2011թ. սեպտեմբերին՝ իջեցնելով 0,5 տոկոսային կետով և սահմանելով 8%։

Մեկնաբանել