Իրանի դեսպանը հայ-իրանական հարաբերությունները բացառիկ է համարում

Դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանը շնորհակալություն է հայտնել նախարար Հասմիկ Պողոսյանին արդյունավետ ու համակողմանի համագործակցության համար: Նա իր խոսքում նշել է, որ հայ-իրանական հարաբերությունները բացառիկ են որպես երկու քաղաքակրթությունների ու երկու մեծ կրոնների երկխոսության լավագույն օրինակ: Դեսպանի համոզմամբ հայ հնագույն մշակույթի իրողության հավաստումն է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաքի հռչակումը, հայ գրատպության 500-ամյակի մեծամասշտաբ նշումը, որին մասնակցել է իրանական պատվիրակությունը ևս:

Ի պատասխան` նախարար Հասմիկ Պողոսյանն իր գոհունակությունն է հայտնել Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաքի պաշտոնական բացմանը Իրանի պատվիրակության մասնակցության համար: Նախարարը իր խոսքում կարևորել է հայ-իրանական մշակութային համագործակցությունը, որը հաստատուն քայլերով առաջ է ընթանում թե կինոարվեստի, թե հուշարձանների պահպանության, և թե գրահրատարակության ու մշակութային փախանակությունների ուղղությամբ, տեղեկացրել է, որ բոլորովին վերջերս հայկական պատվիրակությունը վերադարձել է Թեհրանի գրքի ցուցահանդեսից, փաստել է երկու երկրների գրողների միությունների ակտիվ համագործակցությունը գրական-թարգմանական նախագծերի իրականացման ուղղությամբ: Նա նշել է նաև Իրանում գործող և տարածաշրջանային թարգմանական նախագծեր իրականացնող «ԱՖՐԱԶ» և Հայաստանի «ԱՊՈԼՈՆ» հրատարակչությունների համագործակցության արդյունքում թարգմանված և հրատարակման նախապատրաստվող «ԱՐԴԻ ՀԱՅ ՊՈԵԶԻԱ» ժողովածուն, որում ներառված են 12 հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունները:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հրաժեշտ տալով ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանին հույս է հայտնել, որ վերջինս նոր պաշտոնավարության ժամանակ ևս կմնա Հայաստանի բարեկամն ու կաջակցի հայ-իրանական մշակութային կապերի զարգացմանը:

Մեկնաբանել