ՀՀ օրենքով` Արցախյան պատերազմի մասնակիցը պատերազմի մասնակից չէ. ազատամարտիկ

«Արցախյան ազատամարտի մասնակիցները հիմնականում անտեսված են, նույնիսկ մի տարօրինակ բան` որոշ առավելություններից օգտվելու իրավունք ունեն Հայրենականի մասնակիցները, Աֆղանստանի մասնակիցները, բայց ոչ` Արցախյան պատերազմի մասնակիցները»,- նշեց Վարդումյանը: Արտոնությունները սահմանված են Մեծ Հայրենականի մասնակիցների և նրանց հավասարեցված` արտերկրում կռված զինվորների համար, սակայն Արցախն այդ ժամանակ փաստացի առանձին հանրապետություն չէր, և ռազմական գործողությունները հայտարարված պատերազմական գործողություններ չէին: «Ստացվում է, որ օրենքով Արցախյան պատերազմի մասնակիցները պատերազմի մասնակից չեն»,- բացատրեց նա:

Ոչ միայն անտեսված են մեր նորօրյա հերոսները, այլև դաստիարակչական -քարոզչական նպատակներով չի օգտագործվում նրանց կերպարը. «Խորհրդային շրջանում կար հատուկ պետական քաղաքականություն. նույնիսկ չեղած բաների վրա սարքում էին` քարոզելու համար: Մեզ մոտ, եթե փողոցում մոտենանք երիտասարդին, հարցնենք Կոմանդոսի մասին, Բեկոր Աշոտի մասին, թեկուզ` Մոնթեի մասին, հիմնականում չեն ճանաչի»,- ասաց Վարդումյանը: «Կան շատ փաստաթղթեր և արձանագրություններ, բայց այսօր ամենակարևոր խնդիրը անհատական զրույցներով հավաքված վկայություններն են»,- նշեց Դանիելյանը` պատմելով իր` անհատական զրույցներով հավաքած արժեքավոր փաստերի մասին:

Շուշիի ազատագրումն, ըստ Վարդումյանի, բավական ծանրակշիռ մտածված ծրագիր էր, քանի որ դժվար է իրականացնել հարձակողական գործողություն սակավ ուժերով:  «Յուրաքանչյուր հարձակողական գործողություն պետք է 3-4 անգամ զինվոր ու տեխնիկա ունենա. եթե ռազմագիտության տեսանկյունից նայենք, պիտի ունենայինք 10 հազար զինվոր, բայց մենք չունեինք: Մենք հաղթեցինք ոգով. խուճապի մատնեցինք թշնամուն: Եթե նա խուճապի չմատնվեր, կռվեր մեզ նման, կպարտվեինք: Նրանք սխալվեցին»,- ասաց Վարդումյանը:

Սակայն ասել, թե Շուշին թշնամու մեջքը ջարդեց, ճիշտ չի լինի, «նրանք խորհրդային բանակի օգնությամբ Շուշիի ազատագրումից հետո գրավեցին Գետաշենը, եկան հասան մինչև Մարտակերտ»: Սակայն, ըստ ազատամարտիկի, ամենաէականը հայոց մարտական ոգին է: «Նրանք շատ արագ խուճապի էին մատնվում` թողնում-փախնում էին զրահամեքենայի միջից այն դեպքում, երբ ամենաապահով տեղը զրահամեքենան է` նստում ես մեջն ու շուրջդ մահ սփռում, չէին կարողանում ճիշտ օգտվել տեխնիկայից` նրանց օդաչուները ուկրաինացիներ էին, նրանք չունեին մեր կամքը, համառությունը` շատ եմ տեսել, ինչպես են խուճապահար փախչում»:

Պատերազմի տարիները Վարդումյանը համարում է իր ամենաերջանիկ տարիները: «Ես 4-5 տարի երջանիկ եմ եղել, սոված, ծարավ, ընկերներս են կողքիս զոհվել, բայց երբ մի կտոր հող ես ազատագրում, տղամարդու համար, զինվորի համար դրանից ավելի երջանիկ պահ չկա»,- ասաց նա:

Ըստ պատմագետի` հայ զինվորները ստեղծել էին բոլոր հիմքերը մեր պատմական հայրենիքն ազերիներից լիովին ազատագրելու համար. «Այսօր Ադրբեջանը պետք է ստորագրած լիներ կապիտուլյացիան, բայց… հզոր հովանավորները բերեցին-նստեցրին բանակցությունների սեղանի առջև»: