Երևանի Սիրահարների այգում կմեկնարկի «Բաց բեմ» նախագիծը: Նախաձեռնողը «Պողոսյան պարտեզներ» ընկերությունն է, որը, 2007-ին վերակառուցելով նախկին Պուշկինի անվան այգին, ստեղծեց ճապոնական ոճով ձևավորված այս այլընտրանքային ժամանցի վայրը` Սիրահարների այգին, որտեղ կարելի է ոչ միայն զբոսնել, հանգստանալ, այլև մասնակցել ցուցահանդեսների, տարատեսակ միջոցառումների:
«Բաց բեմ»-ի նպատակն է աջակցել ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու երաժիշտներին, պարարվեստի և բեմարվեստի ներկայացուցիչներին` հնարավորություն տալով նրանց հանդես գալու նշված այգու բեմահարթակին:
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել այս ամռանը, հայտերը կընդունվեն մինչև մայիսի 20-ը: Նախագծին կարող են մասնակցել անհատ կատարողներ և խմբեր:
Հայտի փաթեթը կարելի է բեռնել էջում: Հայտին կից պետք է ներկայացվի հայցողի ստեղծագործություններից, կատարումներից` ձայնագրության կամ տեսագրության տեսքով:
«Պողոսյան պարտեզների» մշակութային խորհուրդը ծրագրի մասնակիցների վերջնական ցուցակը կհրապարակի հունիսի 10-ին: Ծրագրի շրջանակներում կկազմվի միջոցառման ժամանակացույց:
Նշենք նաև, որ մասնակիցները «Բաց բեմ»-ում կներկայանան անվճար, հանդիսատեսի համար ևս միջոցառումներն անվճար կլինեն: