Կենտրոնանալ փետրվարի վրա

Ակնկալվում է, որ մայիսի 6-ին կայացած ընտրությունների ընթացքի և պաշտոնական արդյունքների վերաբերյալ հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբը ամփոփիչ հայտարարությամբ հանդես կգա վաղը: Արդեն մի քանի օր է, ինչ քաղաքական և լրատվական դաշտը սպասում է այդ գնահատականին, ինչը որոշ առումով նաև ինտրիգային է:

Հազիվ թե միասնական շտաբը հիացած լինի ընտրությունների ընթացքով և, դատելով շտաբի ներկայացուցիչների հայտարարություններից, գնահատականները լինելու են կոշտ: Եթե այդպես է, նշանակում է, որ շտաբի անդամ բոլոր քաղաքական ուժերը, ըստ էության բավարարված չեն ընտրությունների թափանցիկությամբ և պատրաստ չեն խաղալու այն դերերը, որոնք նրանց համար նախատեսել է Սերժ Սարգսյանը: Այսինքն՝ այդ քաղաքական ուժերը հասկանում են, որ իշխանության շահերից բխող քաղաքական գործընթացին մասնակցությունը իրենց կարող է կանգնեցնել փակուղու առաջ: ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն, ներկայացված լինելով խորհրդարանում, փաստացի ոչ մի քաղաքական կշիռ չեն կարող ունենալ և ազդել որոշումների վրա: Նրանք պարզապես կարող են մարգինալացվել: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է գտնել այլընտրանքային ճանապարհ, որը նրանց հնարավորություն կընձեռի քաղաքական դաշտում հակակշռել ՀՀԿ-ին: Այդ ուժերը հնարավորություն ունեին և ունեն հրապարակային վիճարկել ընտրությունների արդյունքները և քաղաքական ճգնաժամի սպառնալիքի ներքո ստիպել իշխանությանը գնալ նոր խորհրդարանական ընտրությունների: Սա բավական ռադիկալ տարբերակ է, որին հազիվ թե դիմեն: Այդպիսի տրամադրվածություն չի էլ զգացվում:

Մյուս տարբերակը՝ այս պահից սկսած պատրաստվել նախագահական ընտրությունների և փորձել 2013թ. ընտրություններում ստեղծել լուրջ մրցակցային իրավիճակ, որի դեպքում բավական մեծ հեռանկար կբացվի բարեփոխումների համար: Այս պարագայում նախընտրելի է, որ այս երեք ուժերը ունենան միասնական, կոմպրոմիսային և իրականում այլընտրանքային թեկնածու, որը կլինի Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցը: Կարելի է նաև առանց ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ մտնելու՝ նախագահական ընտրությունների գնալ առանձին-առանձին թեկանծուներով՝ երկրորդ փուլում միասնական թեկնածուին պաշտպանելու պայմանավորվածությամբ: Սակայն այս տարբերակը բավական ռիսկային է, քանի որ հնարավոր է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ չլինել:

Մյուս կողմից՝ երկրորդ փուլի պարագայում ընտրակեղծիքների մեքենան արդեն ուժասպառ կլինի և չի կարող աշխատել լիարժեք արդյունավետությամբ:

(Լուսանկարը՝ Ֆոտոլուրի)

Մեկնաբանել