Մեր երկրում ամեն ինչ վաճառվում է. սա աղետ է. դիրիժոր

«Ամենադաժան ստանդարտներով` մենք էսօր տեսանք, որ մեր երկրում ամեն ինչ վաճառվում է»,- ասաց նա` սա համարելով վատ մշակութային քաղաքականության ուղղակի հետևանքը:

«Գլոբալ առումով` ես համարում եմ, որ պատերազմը տանուլ տվեցինք: Ինձ համար էական չէր, թե ով քանի տոկոս էր ստանալու, ով էր անցնելու, ավելի կարևոր էր, որ դրանք իրենց ձայները լինեին»,- ասաց նա:

Քաղաքական այս անկումն, ըստ դիրիժորի, «ուղիղ համեմատական է մշակութային այն տեռորին, որին ենթարկել են մեզ այս վերջին շրջանում»: «Կար մի մեծ ընտրազանգված, որ մինչև վերջին պահը սպասում էր, թե ով ընտրակաշառք կտա, և ով ավելի շատ կտա»,- ասաց նա` կործանարար համարելով ընտրակաշառքի մասին այսպես հանգիստ մտածելն ու խոսելը:

«Չեն ասում` ամոթ ա, քրիստոնյա ազգը չի կարող երեսուն արծաթով ծախվի, այլ կրկնակի դավաճանության կոչեր են անում: Ասում են` առերես ծախվի, հետո գնա, դրան էլ ծախի, դավաճանի»,- ասաց նա:

Հակոբյանի վստահությամբ` ընտրակաշառքը նաև ազգային անվտանգության խնդիր է. «Որևէ երկրում, կարող են հաշվել, թե մեր խորհրդարանը վերցնելու համար ինչքան փող ա պետք: Եվ ընդհանրապես, եթե ընտրությունը փողով ծախվում ա, ուրեմն կարելի ա դառնալ լավ ֆինանսիստ, որ հաջորդ ընտրություններում առևտուր անես»:

Ցեղասպանության օրերից օրինակներ բերելով` Հակոբյանը նշեց. «Բարոյապես դեգրադացվել ենք: Մարդն իր կյանքը փրկելիս անպայման իր հետ մի մշակութային արժեք էր վերցնում` երկու քույրերը կիսել էին Աստվածաշունչն ու փրկել (արձանն օրերս բացվեց), թուրքին չտրվելու համար գցվում էր ժայռից. մենք, վախենամ, իրոք շատ բան ենք կորցրել»:

Ըստ նրա` հեռուստառեստորաններն ու սերիալները մեր կյանքում հետագայում դեռ անսպասելի շատ վատ հետևանքների են բերելու: Ռաբիս երաժշտության գովազդը հասարակական պահանջարկով արդարացնելը, Հակոբյանի դիտարկմամբ, խարդախություն է. «Էն կարծիքը, որ սա հասարակական պահանջն ա, սուտ ա, դա պահանջն ա էն մարդու, ով նկարում ա էդ կլիպը, ով փող ա վերցնում, որ ցույց տա, ով փող ա տալի, որ իրան ցույց տան, որ հետո իր դիսկերը վաճառի»,- նշեց նա:

Իր հավաքած նվագախմբով Վարդան Հակոբյանը շրջում է հայաստանյան դպրոցներով` երեխաների համար համերգներ տալիս դպրոցական դահլիճներում: «Դուք միայն տեսնեք էդ անկեղծ-կլորացած աչքերը: Առաջին երկու համարի ժամանակ չգիտեն` իրանց ոնց պահեն: Իրար են նայում, փորձում քրքջալ, հետո սկսում են հասկանալ, որ սրանից լավ բան դեռ իրանց կյանքում չէին լսել: Ու դա բոլոր դպրոցներում: Ցավում եմ, որ չկա պատրաստի հանդիսատես, որի մոտ դու գնում ես, բայց տեսնում եմ, որ թողնում եմ մտածելու բան, մի լավ նորություն: Ես սա իմ հաղթանակն եմ համարում»,- ասաց դիրիժորը:

Մեկնաբանել