Ով է փակելու ՀՀԿ-ի ցուցանիշները

Մայիսի 6-ի ընտրություններում Գյումրիում ՀՀԿ-ն խայտառակ պարտություն կրեց՝ ստանալով ընդամենը 24,5 տոկոս քվե կամ 14658 ձայն: Համեմատության համար նշենք, որ միայն 34-րդ ընտրատարածքում, որը նունիսկ չի ընդգրկում ամբողջ Գյումրին և որտեղ ընդգրկված է գյումրեցի ընտրողների մոտավորապես կեսը, ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը ստացել է 16704 ձայն: Ստացվում է, որ ամբողջ քաղաքից ՀՀԿ-ի ստացած քվեներով մեծամասնական ընտրատարածքում հնարավոր չէր լինի նույնիսկ պատգամավորի մանդատ ստանալ:

Հիմա կարծես թե հանրապետականների վերնախավը փորձում է գտնել ու պատժել մեղավորներին: Հենց այս համատեքստում Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ-ի պարտության ամբողջ բեռը փորձում է դնել քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վրա: Իսկ եթե վերջինս «մեղավոր» ճանաչվի, ապա հազիվ թե կարողանա այդ բեռի տակից դուրս գալ: Պատահական չէ, որ Գյումրիի քաղաքապետի և մարզպետի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը ակտիվորեն սկսել են շրջանառվել «որոշ» լրատվամիջոցներով:

Ընտրությունների մասին Շիրակի մարզպետի դատողությունները ուշագրավ են: «Հրապարակ» օրաթերթի այն հարցին, թե ուզում եք ասել՝ Ղուկասյա՞նն է թերացել, նա պատասխանել է. «Ես չեմ կարող ասել: Ես ասում եմ՝ հարցրեք Գյումրիի քաղաքապետին: Չէի ասի՝ թերացել է, կարող ա ճիշտ չէին կազմակերպել իրենց աշխատանքները, բայց մարզի ամբողջ ցուցանիշը մենք փակել ենք: Եվ հարց է առաջանում՝ ո՞վ ա մարզի պատասխանատուն»: Նկատենք, որ Շիրակի մարզպետը ընտրությունների հետ կապված խոսում է «ցուցանիշ փակելու» մասին: Եթե գեներալ մարզպետը խոսեր կաթի մթերման մասին, այդ ձևակերպումը միանշանակ ընդունելի կլիներ, բայց նա խոսում է ժողովրդի կամարտահայտության մասին: Գիզիրյանը ենթագիտակցորեն բացահայտում է, թե ինչպես է իշխանությունը հասկանում ընտրություն ասվածը: Ընտրությունը նրանց համար «ցուցանիշ փակել է»: Սրանով Շիրակի մարզպետը ևս մեկ կարևոր բացահայտում է անում, առ այն, որ իրականում տեղական իշխանությունների վրա սկզբից ևեթ կենտրոնից ցուցանիշ փակելու խնդիր է դրված եղել, այլ ոչ թե ազատ և արդար ընտրություններ անցկացնելու:

Կարելի է ասել, որ Վարդան Ղուկասյանի նման քաղաքապետ ունենալու պարագայում ՀՀԿ-ն գրանցված ցուցանիշներից բողոքելու տեղ չունի: Նույնիսկ մի բան էլ կանխատեսելիից ավել քվե է ստացել: Բավական է հիշատակել, որ թիվ 34 ընտրատարածքում ԲՀԿ-ի ներկայացուցչի հետ մրցակցող, Գյումրիում վերջին տարվա ընթացքում մի քանի միլիոն դոլար ներդրած գործարար Արման Սահակյանը, որի ջանքերով «Շիրակ» ֆուտբոլային թիմը դարձավ Հայաստանի գավաթակիր, պարտություն կրեց նախևառաջ այն պատճառով, որ նրան պաշտպանում էր հենց Վարդան Ղուկասյանը: Հետևություններն ավելորդ են: Հավանաբար Վարդան Ղուկասյանի վերադասները պատասխանտվության կենթարկեն օդիոզ քաղաքապետին ոչ թե հանրապետության երկրորդ քաղաքում բարփոխումներ անելու, այլ «ցուցանիշները վատ փակելու» համար:

Մեկնաբանել