Մեսսիի պահվածքը միշտ օրինակելի է եղել․ Բարսելոնա

Կատալոնական «Բարսելոնան» պատասխանել է «Էվերտոնի» կիսապաշտպան Ռոյսթոն Դրենտեի այն հայտարարությանը, համաձայն որի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին նրան «նեգր» է անվանել։

«Խաղացողը միշտ առավելագույն հարգանք է ունեցել իր մրցակիցների նկատմամբ։ Դա արձանագրել են նաև նրա պրոֆեսիոնալ խաղընկերները։ Ակումբը համոզված է, որ ցանկացած նման հայտարարություն անհիմն է։ Մեսսիի պահվածքը նրա ողջ կարիերայի ընթացքում եղել է օրինակելի», – ասվում է ակումբի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ նախօրեին Դրենտեն հայտարարել էր, որ «Իսպանիայում ինքը շատ է խաղացել Մեսսիի դեմ, և որ իրենք մշտապես խնդիրներ են ունեցել»: «Նա ինձ անվանել է նեգր, և ես չէի կարողանում հասկանալ դա: Մամադու Դիարան, որի հետ ես խաղացել եմ «Ռեալի» կազմում, ևս մշտապես զայրանում էր, երբ նրան նեգր էին անվանում մեր թիմակիցները` Իգուաինն ու Հայնցեն: «Հերկուլես» – «Բարսելոնա» խաղի ժամանակ իմ և Մեսսիի միջև բախում տեղի ունեցավ: Այնուհետև նա մեկնեց ձեռքը, որից հետո մի քանի անգամ կրկնեց` «Բարև, նեգր», – հոլանդացի ֆուտբոլիստի խոսքերն էր մեջբերել Voetbalcentraal-ը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com