Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել Շարմ էլ Շեյխում

Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում մայիսի 9-10-ը կայացած Չմիավորված երկրների շարժման անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը տասնչորս հանդիպում է ունեցել տարբեր երկրների իր գործընկերների հետ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Նալբանդյանի և Եգիպտոսի արտգործնախարար Մուհամադ Ամրի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել հայ-եգիպտական փոխգործակցության առավել ամրապնդման և ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերին: Զրույցին մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ: Այս առումով Եգիպտոսի ԱԳ նախարարն ասել է, որ իր երկիրը սատարում է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը: 
Շարմ էլ Շեյխում Նալբանդյանը հանդիպել է նաև Լիբանանի արտգործնախարար Անսար Մանսուրի հետ: Նախարարների հանդիպման օրակարգում էր անցյալ տարեվերջին Լիբանանի նախագահի՝ Երևան այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպություններում համագործակցության հարցերին:

ՀՀ ԱԳ նախարարի օրակարգում էր Պաղեստինի արտգործնախարար Ռիյադ ալ Մալիքի հետ հանդիպումը, որի ժամանակ մտքեր են փոխանակվել հայ-պաղեստինյան հարաբերությունների զարգացման ուղիների շուրջ: Նախարար ալ Մալիքին վերահաստատել է Հայաստան այցելելու իր մտադրությունը:

Համաժողովի շրջանակներում նախարար Նալբանդյանը հանդիպել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրներ:

Կամերունի ԱԳ նախարար Պյեր Մբոնջոյի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղության կարգով դեսպաններ հավատարմագրել միմյանց մայրաքաղաքներում և ուսումնասիրել երկկողմ հարաբերությունների զարգացման, իրավապայմանագրային դաշտի ձևավորման ուղիները, ընդլայնել համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` ՄԱԿ-ի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում: 

Նալբանդյանի և Ինդոնեզիայի ԱԳ նախարար Մարտի Նատալևայի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացման, տնտեսական համագործակցությունը խթանելու նպատակով իրավապայմանագրային դաշտի ձևավորման հարցերը: Նախարար Նալբանդյանն իր ինդոնեզացի գործընկերոջը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այդ առումով Մարտի Նատալևան ընդգծել է, որ Ինդոնեզիան մշտապես սատարել է բոլոր վիճելի հարցերի բանակցային խաղաղ կարգավորմանը, և գտնում է, որ առկա հիմնախնդիրները պետք է լուծում ստանան միջազգային իրավունքի դրույթների հիման վրա: 

Միջազգային կազմակերպություններում համագործակցության հարցերին էր նվիրված Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի և Նոր Զելանդիայի ԱԳ նախարար Մյուրեյ ՄքՔալիի հանդիպումը: Երկկողմ հարաբերություններին խթան հաղորդելու նպատակով նախարար ՄքՔալին իր հայաստանյան գործընկերոջը հրավիրել է այցելել Վելինգտոն: 

Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումն Իրաքի իր գործընկեր Հոշիար Զեբարիի հետ էր: Նախարարների զրույցի ընթացքում արծարծվել են երկու երկրների քաղաքական երկխոսության ակտիվացման, տնտեսական փոխգործակցության խթանման հարցերը: Իրաքի արտգործնախարարը, գոհունակություն հայտնելով երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ Բաղդադում ՀՀ դեսպանության գործունեության վերաբերյալ, վերահաստատել է իրաքյան կառավարության որոշումը Երևանում դեսպանություն հիմնելու մասին:

Մյանմարի ԱԳ նախարար Ուննա Մոնգ Լվինի հետ Նալբանդյանի հանդիպման հիմնական քննակման առարկան էր երկու երկրների միջև հարաբերությունների ձևավորումը: Նախարարները պայմանավորվել են սկսել դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացը: Մյանմարի ԱԳ նախարարն ասել է, որ հայերի ներկայությունն իր երկրում մի քանի հարյուրամյակների պատմություն ունի և լավ հիմքեր է ստեղծում երկու երկրների հարաբերությունների զարգացման համար: Նալբանդյանի խնդրանքով Մյանմարի ԱԳ նախարարը ներկայացրել է իր երկրում տեղի ունեցող զարգացումները, ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը: 

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել նաև Թունիսի արտգործնախարար Ռաֆիկ Աբդեսալեմի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել քաղաքական երկխոսության ակտիվացման, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման, իրավապայմանագրային դաշտի ձևավորման, տուրիզմի բնագավառում համագործակցության, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ: 

Էդվարդ Նալբանդյանի և Եմենի ԱԳ նախարար Աբուբաքր Աբդուլա ալ Քիբրիի հետ մանրամասն քննարկումներ են ծավալվել Միջին Արևելքում ընթացող գործընթացների շուրջ: Եմենի արտգործնախարարը ներկայացրել է իր երկրում ընթացող բարեփոխումների գործընթացը: 

Շարմ էլ Շեյխում Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Ավստրալիայի վարչապետի հատուկ բանագնաց Ջոաննա Հևիթին: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ավստրալական հարաբերությունների զարգացման ուղիներին և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը: 

Կուբայի արտգործնախարար Բրունո Էդուարդո Ռոդրիգես Պարիլյայի հետ Նալբանդյանի հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է համագործակցության խթանման նպատակով գործնական քայլերի իրականացումը, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ:

Զամբիայի ԱԳ նախարար Գիվեն Լուբինդայի ու Էդվարդ Նալբանդյանի զրույցի ընթացքում անդրադարձ է արվել երկկողմ հարաբերությունների խթանման հարցերին, ինչպես նաև աֆրիկյան մայրցամաքում ընթացող գործընթացներին:

Մայիսի 10-ի երեկոյան Էդվարդ Նալբանդյանը Շարմ էլ Շեյխից մեկնել է Կահիրե, ուր հանդիպում է ունեցել եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառի վերջին զարգացումները, հայրենիքում իրականացվող բարեփոխումները, անցյալ շաբաթ կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: