Չավեսը կրկին բուժվել ու վերադարձել է

Չավեսը, որ պատրաստվում է հոկտեմբերին կայանալիք ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը, իր բուժումը համարել է հաջող, և հույս է հայտնել, որ այն դրական ազդեցություն կունենա:

Հանրային հեռուստատեսությունը տարածել է կադրեր, ուր Չավեսը զվարթ դուրս է գալիս ինքնաթիռից և ողջագուրվում նախարարների հետ:

Հայրենիք վերադառնալով` վենեսուլյան առաջնորդը 20 րոպեանոց ելույթ ունեցել հեռուստատեսությամբ, որի ավարտին մի փոքրիկ երգ է իմպրովիզացիա արել:

Այս տարվա մարտին Չավեսին վիրահատել էին` կոնքի շրջանից հեռացնելով ուռուցք: 2011թ Վենեսուելայի առաջնորդը օնկոլոգիական բուժում էր ստացել Կուբայում:

Իշխանությունը գաղտնի է պահում Չավեսի հիվանդության իրական ախտորոշումն ու փուլը, ինչը հիմք է տալիս կասկածել, որ այն առավել լուրջ է:

Ինքը` Չավեսը, հերքելով նմանատիպ լուրերը, դրանք համարում է հոգեբանական պայքարի մի մաս:

Դիտորդները շարունակում են կասկածամտորեն հիշեցնել, որ նախորդ տարվա բուժումից հետո էլ առաջնորդը հավաստում էր, որ լիովին առողջ է, մինչդեռ շուտով ստիպված եղավ կրկին հիվանդանոցում մնալ:

Հոկտեմբերին կայանալիք ընտրություններում առաջադրվելով` Չավեսը, որի ձեռքում է իշխանության ղեկը 1999թ-ից, պիտի պայքարի ևս վեց տարի այն պահելու համար:

Նրա հիմնական հակառակորդն է ընդդիմադիր Էնրիկե Կապրիլես Ռադոնսկին:

Մեկնաբանել