Անտոնիո Կոնտեն ցանկանում է պատմություն կերտել

Խոսելով այսօր Իտալիայի առաջնության վերջին` 38-րդ տուրի շրջանակներում «Ատալանտայի» հետ կայանալիք տնային հանդիպման մասին` չեմպիոնի կոչումը նվաճած «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն նշել է, որ իրենց խնդիրն է հաղթական ավարտին հասցնել իրենց իսկ սահմանած անպարտելիության ռեկորդը: Հաղորդում է Goal.com-ը:

«Ես տղաներին ասել եմ, որ այս խաղով մենք կարող ենք պատմություն կերտել», – նշել է իտալացի մասնագետը:

Թուրինյան ակումբի մարզիչը նաև խոսել է թիմի ավագ Ալեսանդրո Դել Պիերոյի մասին. «Դել Պիերոն այսօր խաղադաշտ դուրս կգա թիմի մեկնարկային կազմում: Վստահ եմ` թե՛ այսօր, և թե՛ Իտալիայի գավաթի եզրափակիչ խաղում նա կանի հնարավոր ամեն բան իր թիմին օգնելու համար:

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» հնարավորություն ունի Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ առաջին իսկ տարում ոսկե դուբլ ձևակերպել, ինչի համար թուրինցիներին մնում է հաղթանակ տանել մայիսի 20-ին «Նապոլիի» հետ կայանալիք Իտալիայի գավաթի եզրափակիչում:

Մարզական գործընկեր` SportArmenia.com