Այս տարվա 1-ին եռամսյակում Հայաստանի միջազգային պահուստները կրճատվել են 11,6%-ով՝ մարտի վերջին կազմելով $1,7 մլրդ։ Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող «ԿԲ ամսական տեղեկագիր (մարտ)»-ից երևում է, որ միջազգային պահուստների կրճատումը հիմնականում տեղի է ունեցել արտարժույթով պահվող միջոցների հաշվին։ Փոխարկելի արտարժույթով ակտիվների մասնաբաժինը համախառն միջազգային պահուստներում կազմում է 96,8%։
Հաշվի առնելով միջազգային պահուստների կառուցվածքը՝ $223,3 մլն-ով պահուստների կրճատման պատճառներից կարող է լինել արտարժութային փոխարժեքների տատանումները։ Բացի այդ՝ պահուստների կրճատման պատճառ են ԿԲ-ի կողմից ազգային արժույթի փոխարժեքի կտրուկ արժեզրկման նպատակով դոլարային ինտերվենցիաները։ Այս տարվա 1-ին եռամսյակում ԿԲ-ն բորսայի միջոցով վաճառել է մոտ $50 մլն։
Չնայած ԿԲ-ի ինտերվենցիաներին՝ մարտին արտարժույթի շուկայում դրամի միջին շուկայական փոխարժեքը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0,13% տոկոսով` կազմելով 389,13 դրամ/$1։
Միջազգային պահուստների կրճատմանը զուգահեռ 1-ին եռամսյակում 2%-ով ավելացել են ԿԲ-ի պարտավորությունները՝ մարտի վերջին կազմելով $769,3 մլն։ ԿԲ-ի պարտավորություններն աճել են «Այլ վարկեր» հոդվածով դասակարգված փոխառությունների հաշվին (1-ին եռամսյակում ավելացել են $10 մլն-ով՝ մարտի վերջին կազմելով $110 մլն)
Միջազգային պահուստները հիմնականում կոչված են վճարահաշվարկային պակասուրդի ֆինանսավորման, ազգային արժույթի փոխարժեքի կարգավորման համար։ Ընդունված է, որ միջազգային պահուստների չափը պետք է լինի այնքան, որ հնարավոր լինի ֆինանսավորել եռամսյա ներկրումը, ինչպես նաև կատարել արտաքին պարտքի սպասարկման գծով պարտավորությունները ։ Հաշվի առնելով այս պահանջները՝ Հայաստանի դեպքում միջազգային պահուստների նվազագույն մակարդակը $1մլրդ-ն է։