«Թանգարանային գիշեր» կանցկացվի նաև Սարյանի թանգարանում

«Թանգարանային գիշեր» ակցիան այս տարի կանցնի «Գիրը փոփոխվող աշխարհում» խորագրով: Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում ևս մայիսի 19-ին` ժամը 18:00-ից մինչ կեսգիշեր, ծավալուն ծրագիր կներկայացվի: Երևանցիները կարող են մասնակցել «Սարյանը և գիրքը» ցուցադրության բացմանը. կներկայացվեն Սարյանի նկարազարդած և ձևավորած գրքերը, ինչպես նաև նկարչի «Գրառումներ իմ կյանքից» գրքի ձեռագրերը, տարբեր լեզուներով տպագրված հրատարակություններ: Միջոցառմանը կհետևի «Մարտիրոս Սարյան: Նամակներ /1929-1954/» գրքի 2012-ին լույս տեսած 2-րդ հատորի շնորհանդեսը: Թանգարանում նաև կհնչի վոկալ երաժշտություն` ելույթ կունենան Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի սաներն ու շրջանավարտները: Ուշ երեկոյան` ժամը 23.00-ին, կցուցադրվի «Մարտիրոս Սարյան -Արամ Խաչատրյան» տեսաֆիլմը:

Նշենք, որ Սարյանը կարևոր դեր է ունեցել հայ տպագիր գրքի ձևավորման մշակույթում, նկարազարդել և ձևավորել է բազմաթիվ հայ գրողների գրքեր, մասնավորապես` Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Գուրգեն Մահարու, Եղիշե Չարենցի, Վահան Թոթովենցի, ստեղծել է նկարազարդումներ հայկական ժողովրդական հեքիաթների երեք տարբեր հրատարակության համար:

Մեկնաբանել