Հրադադարի ռեժիմը հակառակորդը խախտել է շուրջ 350 անգամ

Մայիսի 6-12-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից  հայկական  կողմի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը,  ՊԲ օպերատիվ տվյալներով`  հատկապես  ինտենսիվ  խախտումներ են արձանագրվել մայիսի 9-ի տոնական, նաև նախատոնական օրերին, որի ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 200 անգամ՝ արձակելով մոտ 700 կրակոց:

Չնայած հակառակորդի դրսևորած այսօրինակ ակտիվությանը` ՊԲ առաջապահ զորամասերը զերծ են մնացել հակառակորդի հրահրիչ գործողություններին պատասխանելուց և մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն: