Դաժան բռնություն լրագրողի նկատմամբ՝ Կոտայքի դատախազի կողմից

Երևանում մայիսի 12-ի երեկոյան դաժան ծեծի է ենթարկվել ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության երևանյան բյուրոյի խմբագիր Ռուբեն Գրդզելյանը:

Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը ՍիվիլՆեթին տեղեկացրեց, որ կենցաղային հողի վրա միջադեպի վերաբերյալ նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ Գլխավոր դատախազի հստակ ցուցումով, ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ քայլերը դեպքի բոլոր մանրամասները պարզելու և բազմակողմանիությունն ապահովելու, ինչպես նաև մասնակից բոլոր անձանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

«Ռեգնում» գործակալության կայքում զետեղված տեղեկատվության համաձայն՝ Գրդզելյանին ծեծի է ենթարկել Կոտայքի մարզի դատախազ Մովսես Մանրիկյանը: Միջադեպը տեղի է ունեցել Երևանում` տուժածի մոր, նրա երկու անչափահաս երեխաների, զարմիկի և հղի կնոջ ներկայությամբ: Վեճի պատճառ է հանդիսացել այն, որ Գրդզելյանի երեխաները խանգարել են բակից դուրս եկող մեքենային, որի մեջ եղել է դատախազի որդին: Մովսես Մանրիկյանին սա դուր չի եկել, ինչից հետո նա սկսել է վիճել Գրդզելյանի հետ: Վեճի ժամանակ դատախազը հարվածել է Գրդզելյանին, ապա նրանց են մոտեցել մի խումբ այլ մարդիկ` Մանրիկյանի որդու գլխավորությամբ: Գրդզելյանին ծեծել են այնքան, մինչև վերջինս կորցրել է գիտակցությունը:

Միջադեպից հետո Ռուբեն Գրդզելյանը բողոք է ներկայացրել Երևանի Էրեբունու վարչական շրջանի ոստիկանություն, անցել է բժշկական հետազոտություն: «Բողոք ներկայացնելու ժամանակ տուժածը չգիտեր, որ իրեն ծեծող մարդկանց խմբում եղել է նաև դատախազության բարձրաստիճան աշխատակից: Այս մասին հայտնի է դարձել միայն հաջորդ օրը` ականատեսների վկայությամբ և Գրդզելյանի գործընկերների սկսած հետաքննության արդյունքում»,- տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը: