ՀԱԿ-ը բեռնաթափվում է

Խորհրդարանական ընտրություններից մի քանի օր հետո Հայ ազգային կոնգրեսի հիմնական ուժերից մեկը համարվող «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին՝ չբացառելով ՀԱԿ-ը լքելու հեռանկարը: Այսօր էլ պարզ դարձավ, որ ՀԱԿ-ի շարքերը լքում է Գյումրիի կառույցի ղեկավար Աշոտ Զաքարյանը: ՀԱԿ-ից դուրս գալը չի բացառել նաև Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը

ՀԱԿ-ը լքելը կարող է լինել երկու տարբերակով՝ ազնիվ և ոչ ազնիվ նպատակներով: Ազնիվ նպատակով ՀԱԿ-ից կարող են հեռանալ նրանք, ովքեր կարող են բավարար փաստարկներ ներկայացնել, որ Կոնգրեսի ոչ ճիշտ ռազմավարության պատճառով իշխանափոխության մի քանի հնարավորություն բաց է թողնվել, և հիմա իրենք կանգնած են փակուղու առաջ: Ոչ ազնիվ տարբերակով հեռացողները կարող են օգտագործել այդ փաստարկը, սակայն երբեք չեն նշի, որ հեռանում են ակնկալվող պաշտոնները ձեռք չգցելու համար:

Կանխատեսելի՞ էր, արդյոք, որ ՀԱԿ-ը կարող էր ենթարկվել մասնակի պառակտման: Թերևս՝ այո: Համաժողովրդական շարժումը, որը վերաճեց Հայ ազգային կոնգրեսի, ստեղծվել էր մեկ նպատակով՝ իշխանափոխություն իրականացնելու, ինչը իշխանափոխությունից հետո կենթադրեր բազմաթիվ թափուր պաշտոններ: Շարժմանը, այնուհետև Կոնգրեսին ազնիվ մղումներով անդամակցած կուսակցությունների և անձանց թվում քիչ չէին այնպիսիք, ովքեր գործնական ակնկալիքներ ունեին սպասվող իշխանափոխությունից: Սակայն, երբ 2008թ. նախագահական ընտրություններից հետ աստիճանաբար ակնհայտ դարձավ, որ ՀԱԿ-ը չի կարողանալու լուծել իր հիմնական՝ իշխանափոխության խնդիրը, նրա շարքերում սկսեցին հնչել բազմաթիվ դժգոհություններ՝ մի մասը ազնիվ մղումներով, մյուս մասը՝ շահադիտական:

Խորհրդարանական ընտրություններն այն եզրագիծն էին, որը կարող էր ծանրակշիռ պատճառ դիտարկվել գնացքից ցատկելու համար: Կասկածելի ընտրություններից հետո ՀԱԿ-ը, այնուամենայնիվ, պատրաստակամություն ցուցաբերեց վերցնել խորհրդարանական մանդատները՝ «դրանք ի նպաստ իշխանափոխության ծառայեցնելու համար»: Ստացվեց այնպես, որ տևական պայքարից ու բազմաթիվ զրկանքներից հետո ՀԱԿ-ը ձեռք բերեց ընդամենը յոթ պատգամավորական մանդատ՝ սեփական ուժերով իշխանափախության հեռանկարը ըստ էության բացառելով: Բնականաբար ձեռքբերվածով ոչ մի կերպ հնարավոր չէր հագեցնել ՀԱԿ-ի ներսում գտնվողներից շատերի ախորժակը:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդը հայտարարեց, որ մնում է փողոցում և փորձելու է հիմնական նպատակին հասնել հենց այդ տարբերակով: Սակայն ակնհայտ է, որ առանց ՀԱԿ-ի՝ Արամ Սարգսյանի կուսակցությունը փողոցում չունի այդ մարդկային ռեսուրսը, ինչը նրան հնարավորություն կտա մնալ փողոցում և քաղաքական լուրջ գործոնի վերածվել: Իսկ Արամ Սարգսյանի՝ իշխանափոխության խոստումների լրջությունը բազմաթիվ անգամ հնարավորություն է եղել չափելու: Մի ժամանակ նա անգամ իշխանափոխության տեղն ու ժամն էր նշում, սակայն փաստն այն է, որ նա հետ է ընկել ժամանակացույցից:

Իսկ ՀԱԿ-ից հեռացող մյուս գործիչների շուրջ ստեղծվել է պատեհապաշտների կերպար, որոնց պայքարի հիմնական նպատակը իշխանություն դառնալն էր և այդ իշխանությունից օգտվելը:

Մեկնաբանել