Կանն արվեստ է և բիզնես

Ֆրանսիական Ռիվիերայում մայիսի 16-ին մեկնարկում է կինոաշխարհի ամենանշանակալի միջոցառումներից մեկը` Կաննի կինոփառատոնը: 65-րդ հոբելյանական փառատոնի ժյուրիի նախագահն է իտալացի Նանի Մորետին:

Կաննի փառատոնի, ըստ կարևորության, երկրորդ ծրագիրը` «Հատուկ հայացք» -ը, գնահատում է հոլիվուդյան հայտնի դերասան և ռեժիսոր Թիմ Ռոթը: Հանդիսավոր արարողությունը կվարի Բերենիս Բեժոն, որն անցյալ տարի գերեց կինոյի երկրպագուներին աղմկահարույց «Արտիստը» ֆիլմում գլխավոր դերակատարմամբ:

Հիմնական մրցարշավում ընդգրկվել է 22 ֆիլմ: Մեծ կինոտոնը կբացի ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնի «Լիալուսնի թագավորությունը»` Էդվարդ Նորթոնի, Բրյուս Ուիլիսի և Բիլ Մյուրեյի մասնակցությամբ: Մայիսի 27-ին այն կավարտվի ֆրանսիացի ռեժիսոր Կլոդ Միլլերի վերջին` «Թերեզա Դ.» ֆիլմով, Օդրի Տոտուի գլխավոր դերակատարմամբ: Ֆիլմի ցուցադրությունը նաև հարգանքի տուրք է ռեժիսորին, որը մահացել է այս տարվա ապրիլի 4-ին:

Փառատոնի կազմակերպիչները հարգանքի տուրք են մատուցել նաև 50 տարի առաջ մահացած լեգենդար Մերլին Մոնրոյին` տեղադրելով նրա նկարը պաշտոնական պաստառի վրա:

Բարձրաճաշակ կինոմաններին զարմացրել է հոլիվուդյան դերասաններ, «Մթնշաղ» կինոասքի աստղեր Ռոբերտ Փաթիսոնի և Քրիստեն Ստյուարտի ներկայությունը Կաննի հիմնական մրցույթում: Փաթիսոնը Դևիդ Քրոնենբերգի «Կոսմոպոլիս»-ում մարմնավորել է երիտասարդ մուլտիմիլիարդատերի կերպարը, որն իր լիմուզինով շրջում է ժամանակակից մեգապոլիսի դժոխային միջավայրում: Ռեժիսորը հույս է հայտնել, որ դերակատարումը կազատի Փաթիսոնին «հետմթնշաղային սինդրոմից» և կներկայացնի նրան նորովի:

Որևէ դերասանական հմտություն մինչ այժմ չդրսևորած Քրիստեն Ստյուարտը Կաննում հայտնվելու է Ուոլթեր Սալլարսի «Ճանապարհին» ֆիլմում դերակատարման շնորհիվ: Կինոնկարի հիմքում կուլտային գրող Ջեկ Քերուակի վեպն է, որը պատմում է նրա և «բիտ» շարժման այլ մասնակիցների իրական ճանապարհորդության մասին:

Փառատոնում կցուցադրվեն նաև Միխայել Հանեկեի, Ժակ Օդարի, Լեոս Կարակսի, Թոմաս Վինթերբերգի նոր ֆիլմերը:

Մրցույթից դուրս պրեմիերաներից կարելի է առանձնացնել Դարիո Արջենտոյի «Դրակուլա 3D», Ապիչատպոն Վիրասետակունի «Մեկոնգ մոթելը» Բերնարդո Բերտոլուչիի «Ես և դու» ֆիլմերը:

Ավանդաբար, փառատոնի հետ զուգահեռ` Կաննում մեծ կինոշուկա է անցկացվում, որի ընթացքում տասնյակ երկրներից ժամանած պրոդյուսերներ և ռեժիսորներ ներկայացնում են կինոնախագծեր, պայմանագրեր են կնքում և ծանոթանում միմյանց երկրների նոր կինոարտադրանքին: Այսօր այն իր 10 հազար մասնակիցներով և 4 հազ. ֆիլմերով աշխարհում առաջինն է` համաշխարհային կինոարդյունաբերության դինամիկան ապահովելու գործում:

Հայաստանի ազգային կինոկենտրոնն այս կինոշուկային մասնակցում է 2009–ից: Նախորդ տարիներին այն Կանն է տարել կինոկենտրոնի աջակցությամբ արտադրված ֆիլմեր և կինոնախագծեր, սակայն այս տարի մասնակցությունն ազատ է դարձել, և կինոկենտրոն են դիմել բազում անհատ պրոդյուսերներ ու ռեժիսորներ: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը նշում է, որ այս անգամ իրենց պատվիրակությունը բազմամարդ է: «Մենք որոշեցինք Կաննին մասնակցել նոր մոտեցմամբ. պետությունը ֆիլմերի և նոր կինոնախագծերի հեղինակներին հնարավորություն է ընձեռել անձամբ մասնակցելու կինոշուկայի աշխատանքներին և փորձել ինքնուրույն հետագա համագործակցության ուղիներ գտնել»,-ասում է նա: Մասնակիցների շարքում են կայացած ռեժիսորներ և պրոդյուսերներ Ալբերտ Մկրտչյանը, Արտակ Իգիթյանը, Հովհաննես Գալստյանը, Արմեն Ռոնովը, ինչպես նաև մի շարք երիտասարդ ռեժիսորներ:

Գևորգ Գևորգյանն ասում է, որ նախագիծ կամ ֆիլմ ընտրելիս հանձնաժողովը թեմատիկ կամ ժանրային առումով որևէ նախապատվություն չի ունեցել: «Ինչ կարիք կա սահմանափակել մեր կինոգործիչների հնարավորությունները, չէ որ մենք կարող էինք մերժել մի ֆիլմ, որը կհետաքրքրեր արտասահմանյան պրոդյուսերներին»,- ասում է Գևորգյանը: Ընտրություն են անցել բոլոր այն ֆիլմերը, որոնք հետաքրքրիր գաղափար են կրել, և որոնց հեղինակներն ի վիճակի են բարձր մակարդակով ներկայացնել դրանք: Կինոշուկայի շրջանակներում գործող վավերագրական և կարճամետրաժ ֆիլմերի բաժիններում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` կցուցադրվեն մի շարք ֆիլմեր:

Գևորգ Գևորգյանը փաստում է, որ նման խոշոր կինոշուկային մասնակցելը միանշանակ օգնում է հայաստանյան կինոյի զարգացմանը: Եթե հինգ տարի առաջ կինոկենտրոնի բյուջեն թույլ էր տալիս տարեկան մեկ-երկու ֆիլմ արտադրել, ապա հիմա նույն բյուջեով, սակայն արդեն արտասահմանյան պրոդյուսերների և ընկերությունների աջակցությամբ, տարեկան ութ ֆիլմ է նկարահանվում:

Մեր տեղը Կաննում դեռևս սահմանափակվում է մի քանի քառակուսի մետր չնչին տարածքով և հենց տեղում մեկ-երկու ֆիլմ ցուցադրելու հնարավորությամբ. միգուցե մի օր հայկական ֆիլմը հրաշքով հայտնվի նաև փառատոնային ծրագրում, անպայման չէ մրցութային…

Մեկնաբանել