Նոր տեսագրություններ` Ցեղասպանության թանգարանին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ֆրանսիայում Հայ նախկին ռազմիկների ու դիմադրականների միության նախագահ Անտուան Բաղդիկյանի գլխավորած պատվիրակությանը: Միությունը մաս է կազմում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող CCAF խորհրդի և ակտիվ գործունեություն ծավալում ի հիշատակ 2-րդ համաշխարհային պատերազմի հերոս Միսաք Մանուշյանի և նրա խմբի 23 անդամների:

Նախարար Հակոբյանը ողջունել է ներկաներին` կարևորելով ֆրանսահայ համայնքի դերը Հայաստան-Ֆրանսիա պետական հարաբերությունները բարձր մակարդակի վրա պահելու գործում: Նա շնորհակալություն է հայտնել ֆրանսահայ համայնքին` հայ ժողովրդի համար նշանակալի իրադարձությունները մշտապես նշելու, լուսաբանելու, անհրաժեշտ թեմաներով ցուցահանդեսներ կազմակերպելու և ակտիվ գործունեության համար:

Ներկաներին ողջունել և շնորհակալություն հայտնել է Ֆրանսիայում Հայ նախկին ռազմիկների ու դիմադրականների միության նախագահ Անտուան Բաղդիկյանը: Նա ներկայացրել է հայ կամավորների մասնակցությունն Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներին` չմոռանալով հիշատակել նաև այն, որ նապոլեոնյան բանակում նույնպես ավելի քան 20 հայ բարձրաստիճան զինվորական է եղել:

Հուզիչ և ուշագրավ է եղել սկավառակների նվիրաբերումը Հայաստանին և Ցեղասպանության թանգարանին:

Նախարար Հրանուշ Հակոբյանը պատվիրակությանը նվիրել է ՀՀ սփյուռքի նախարարության հրապարակած «Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ» և «Անի 1050» գրքերը:

Մեկնաբանել